Առաջիկայում կլուծարվեն քրեակատարողական մի քանի հիմնարկներ՝ Արմավիրի, Գորիսի, Հրազդանի ՔԿՀ-ները և «Դատապարտյալների հիվանդանոց»-ը: Նոր ՔԿՀ-ներ կկառուցվեն Սիլսիկյան թաղամասում, Խնձորեսկում, Սևանում, իսկ Արմավիրում կկառուցվի կիսաբաց ռեժիմային պայմաններ ապահովող տեղամաս: Այդ մասին դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հայտնեց արդարադատության նախարարության ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանը:
Նշենք, որ ՀՀ-ում կա 12 ՔԿՀ՝ նախատեսված 5146 անձի համար: Այժմ ՔԿՀ-ներում պահվում է 2230 անձ, որից 1028-ը՝ կալանավոր, 1202-ը՝ դատապարտյալ:
Ա.Գոյունյանը նշեց, որ իր առջև խնդիր է դրվել կատարել համակարգային բարեփոխումներ, բարելավել պայմանները: Արմատախիլ է արվելու կոռուպցիան, չեն լինելու նախկինում ամրագրված դրույքաչափերը. կարճատև տեսակցության համար՝ 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկարատևի համար՝ 300, հանձնուքների համար ՝100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նա ամենանշանակալի ձեռքերում համարեց սննդի որակի բերելավման փորձնական ծրագիրը: Երկամսյա այդ ծրագիրը որոշել են շարունակել:
«2020թ. բոլոր 12 ՔԿՀ-ները ապահովվելու են պատրաստի սննդով: Այդ սնունդը ախորժալի է, նույնիսկ աղցաններ կան, առողջ սնունդ է և ամենակարևորը, որ այդ ընթացքում կոռուպցիոն բոլոր դրսևորումները բացառվում են:1 անձի ծախսը 1500 դրամ է: Դրանով 3 անգամ սնունդ ապահովելը հրաշք է»,- ասաց ՔԿՀ վարչության պետը:
2020թ. ներդրվելու է քաղաքացիական ծառայության համակարգ: Դրանով կտնտեսվեն պետբյուջեի միջոցները, այդ թվում՝ պարգևավճարների մասով: ՔԿՀ-ի կրտսեր աշխատողի աշխատավարձը պարգևավճարով 150-155 հազար դրամ է:
«Պատկերացրեք, որ այդ պարգևավճարը, որը կազմում է աշխատավարձի 30 տոկոսը, չտրվեր: Օրինակ՝ Արմավիրի ՔԿՀ-ում մեկ գիշերային հերթափոխին 3 հոգի է լինում: Ես գտնում եմ, որ աշխատավարձը բարձրացնելուց հետո, որի խոստումները ղեկավարությունը տվել է, թափուր հաստիքները կհամալրվեն: Դրանք հիմա 200-ն են»,- նշեց ՔԿ ծառայության պետը:
Ինչ վերաբերում է ՔԿՀ բաժնի պետերին, ապա նրանց աշխատավարձը 410-420 հազար դրամ է: Դա Ա.Գոյունյանը «լուրջ գումար» չհամարեց:
Նշենք, որ նախատեսված է աշխատավարձերը բարձրացնել 30 տոկոսով: Դա բանախոսի կարծիքով՝ աշխատանքն ավելի գրավիչ կդարձնի: