Հայաստանն առնվազն 50 մլն դոլարի ամերիկյան անհատույց աջակցությունից է զրկվել.

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ մարտի 1-ի սահմռկեցուցիչ հանցագործությունն ինձ համար առաջին հերթին մարդկային անդառնալի զոհերի, վիրավորների, քաղբանտարկյալների, քաղաքացու արժանապատվության ու մեր ժողովրդի ողնաշարը կոտրելու մասին է, ակտիվ չեմ խոսել Հայաստանին պատճառված ֆինանսական վնասների մասին:

ԱԱԾ նախկին պաշտոնյայի այսօրվա տեսանյութը հիշեցրեց մի կարևորագույն դրվագ, որ ուղիղ կապ ունի մարտի 1-ի հետ: 2003 թվականին Հայաստանը ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի հետ ստորագրում է 5 տարվա ծրագիր, որի շրջանակներում ԱՄՆ-ն 235 մլն ամերիկյան դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանում գյուղական աղքատության վերացման նպատակով:

Հազարամյակով տրամադրվող ֆինանսական միջոցների մի մասը ոռոգման համակարգը բարելավելուն էր միտված, մյուսը` միջպետական և համայնքային ճանապարհներին: Մինչեւ մարտի 1-ը ոռոգման համակարգի ուղղությամբ աշխատանքն արվում է, կառուցվում է շուրջ 2 տասնյակ տարբեր չափերի պոմպակայան, որոնց մեծ մասը` ի դեպ, Արարատի մարզում է, Հովիկ Աբրահամյանին պատկանող հողերը ջրելու: Բայց սա այլ խոսակցության թեմա է:

Ծրագրի ճանապարհային կոմպոնենտը սառեցվեց 2008-ի կեղծված ընտրություններից և մարտի 1-ի սպանդից հետո: Սակայն Ռոբերտ-Սերժ զույգին Վաշինգտոնը շանս տվեց վերականգնել միջոցները: Մասնավորապես, ՀՄՀ տնօրեն Ջոն Դանիլովիչը, որը նաեւ դեսպանի կարգավիճակ ուներ, նամակ ուղարկեց Ռոբերտ Քոչարյանին, դիվանագիտորեն նշելով, որ եթե շարունակվի ժողովրդավարական ինստիտուտների դեգրադացիան, ապա Հիմնադրամը կդադարեցնի ֆինանսավորումը:

Ռոբերտ Քոչարյանը, մինչ Սերժ Սարգսյանի չընտրյալ նախագահի երդման արարողությունը, պատասխանում է նամակին, որի բովանդակությունը անձամբ ես ցավոք չեմ կարող հրապարակել, սակայն դա կարող է անել Հայաստանի հանրապետության կառավարությունը: Ի դեմ նշեմ, որ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի խորհրդի այն ժամանակվա անդամ երկար պայքարեց այս նամակը ստանալու համար, սակայն ամերիկյան կողմը ուղղորդեց Բարսեղյանին դեպի ՀՀ կառավարություն, իսկ Բաղրամյան 26-ը օրենքի խախտումով չտրամադրեց նամակը:

Հարկ է նշել նաեւ, որ շուրջ 53 միլիոն դոլարը հնարավոր էր վերականգնել նաեւ Սերժի օրոք: Ամերիկյան կողմը շատ հստակ ձեւակերպել էր նախապայմանը, ազատ արձակեք քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գումարը հնարավոր կլինի ստանալ: Սա արվել է ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, այնպես նաեւ ամենատարբեր քաղաքական ու հասարակական մակարդակներում: Քաղբանտարկյալներն ազատ չարձակվեցին, փողն էլ բնականաբար գնաց այլ երկիր:

(Visited 4 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх