Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երեւանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ․ Բակո Սահակյան

Դուք քաջատեղյակ եք արդբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, եւ դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների եւ երբեմն նաեւ շահարկումների առիթ է դառնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի եւ Արցախի անվտանգություն խորհուրդների համատեղ նիստում իր ելույթում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա ինչ-որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության եւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար, այլ նաեւ տարածաշրջանային եւ նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարեւորագույն խնդիրներից է:Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ուզում եմ մեկ անգամ եւս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը:

Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երեւանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ լիրարժեք ձեւաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարեւորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի եւ սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները:

Այս ամենը լավ գիտակցում է նաեւ մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը եւ չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձեւաչափի վերականգնումը եւ զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ:

Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով եւ անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում եւ բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ եւ մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը:

Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որեւէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն եւ այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված եւ՛ Արցախի, եւ՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան»:

(Visited 4 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх