Ռոմելլա Աբովյանը՝ խոսելով սննդային թունավորումների մասին, նշում է, որ ոչ հետեւողականության դեպքում կարող են բարդ խնդիրների առաջ կանգնել․

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 26-ին սուր շնչառական վարակներով բուժօգնության է դիմել 752 մարդ, հոսպիտալացման դեպքերը 525-ն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Վերջինիս խոսքով ՝ դիմողների 80-90 տոկոսը երեխաներ են։

Նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակների դեպքերի նվազում է նկատվում, սակայն, մասնագետը նշում է, որ հիմնական դիմելիության բարձրացում նկատվում է տոներից հետո․


«Դրանք հիմնականում այն անձինք են, ովքեր, ախտանշանները նկատելով, միջոցներ չեն ձեռնարկել, չեն դիմել բժշկի ու արդեն տոներից հետո բարդացած ձեւով դիմում են ստացիոնար կազմակերպություններ։ Հետեւաբար՝ ամանորյա տոներին եթե ունեք գրիպանման երեւույթներ՝ հազ, փռշտոց, քթից արտահոսք, ուղղակի խնդրանք եւ պահանջ, հյուրընկալություններից զերծ մնալ, քանի որ դուք ստեղծում եք պայմաններ նոր դեպքերի արձանագրման, իսկ եթե նրանց մեջ կան երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդներ, նորածին երեխաներ, նրանց դեպքում  ռիսկը բավական մեծ է»։

Մասնագետը հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել եւ անհարկի հակաբիոտիկներ չընդունել, քանի որ գրիպը, շնչառական վարակները հակաբիոտիկներով չեն բուժվում։

«Եթե օրգանիզմում արդեն կա վիրուս, իմուն համակարգը արդեն ճնշված է լինում, ապա հակաբիոտիկները եւս ճնշում են այն ու բաց տարածք եք ստեղծում վիրուսի համար։ Ախտանշանների ի հայտ գալու դեպքում առաջին խորհուրդը հեղուկներ օգտագործելն է՝ոչ գազավորված, մուրաբաներով թեյեր, սենյակային ջերմաստիճանի ջուր, որովհետեւ վիրուսը թույն է արտադրում, իսկ մենք հեղուկների միջոցով այն դուրս ենք բերում օրգանիզմից։ Եթե 3 օրվա ընթացքում ձեր իսկ ձեռնարկած միջոցների արդյունքում բարելավում չի դիտվում, ապա պետք է դիմել բժշկական օգնության», — նշում է Թորոսյանը՝ հավելելով, որ գրիպը կարող է բարդություններ առաջացնել, հատկապես եթե մարդն ունի որեւէ խրոնիկ հիվանդություն, գրիպը կարող է հրահրել հիմնական հիվանդությանը, եւ խնդիրներ առաջանան հենց այդ հիվանդության հետ կապված։

Երեխաների դեպքում, մասնագետի խոսքով,  այլ մոտեցում է պետք ցուցաբերել եւ իհարկե, չշրջանցել առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները․

«Նրանց դեպքում անպայման պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ, եւ եթե մանկաբույժը կգտնի, որ պետք է բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում, նոր երեխային տեղափոխել ստացիոնար բուժման։ Խնդրում եմ՝ պոլիկլինիկ օղակը չշրջանցել, քանի որ եթե ձեր երեխան չունի վարակ, հիվանդանոց տանելով մյուս երեխայից կարող է վարակվել։ Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունը դիմել է Քաղաքապետարան, որպեսզի պոլիկլինիկաներում հերթապահություն անցկացվի»։

«Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի» ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը՝ խոսելով սննդային թունավորումների մասին, նշում է, որ ոչ հետեւողականության դեպքում կարող են բարդ խնդիրների առաջ կանգնել․

«Սննդային թունավորումների ախտանշանները իրար շատ նման են, եւ կարող է ունենանք լուրջ հիվանդություններ, հետեւաբար՝ եթե կան ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, հատկապես բուտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, կլման ակտի խանգարումը, անմիջապես դիմեն բժշկի, մեկ ժամ առաջ․․․ կարող ենք ունենալ բավականին բարդ իրավիճակ»։

Ռոմելա Աբովյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ տոներին սննդի պահման պայմանների եւ սնունդը չչարաշահելու մասին։

«Ճիշտ սննդամթերքներով, ճիշտ չափաբաժնով, ճիշտ պատրաստմամբ կարող ենք ապահովել մեր ճոխ սեղանները, բայց սնունդը սեղանին չմնա 7-10 օր կամ այդ բուդը 2 ամիս անընդհատ չօգտագործվի, եթե ցանկություն կա, կարելի է կրկնել պատրաստման պրոցեսը», — եզրափակեց նա։

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх