«2020 թվականը Հայաստանի ընդերքը թալանածների համար լինելու է տհաճ անակնկալների տարի, տարատեսակ օֆշորներում ծվարած իրական սեփականատերերի բացահայտման տարի.»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թվականը, ինչպես երևում է, Հայաստանի ընդերքը տասնամյակներ շարունակ անարգել թալանած ու իրենց բազմամիլիարդ ստվերային եկամուտներից երկրի բյուջեին չնչին մնացորդներ բաժին հանած հանքագործական ընկերությունների համար լինելու է տհաճ անակնկալների ու դրանց՝ տարատեսակ օֆշորներում ծվարած իրական սեփականատերերի բացահայտման տարի։ Համենայնդեպս, համապատասխան օրենքի համաձայն ՀՀ պետական ռեգիստրը պետք է 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ այլևս հրապարակի հանքարդյունաբերող ընկերությունների սեփականության 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող ֆիզիկական անձանց անունների գրանցամատյանը (ռեգիստրը)։ Դա և օրենքի և ՀՀ միջազգային պարտավորություններից բխող իմպերատիվ պահանջ է։

Ճիշտ է, «թավշյա» իշխանությունները չգիտես ինչու հանքագործական ընկերություններում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող սեփականատերերին հնարավորություն տվեցին մնալ ծպտյալ վիճակում ու 7-8 ամսվա ընթացքում (օրենքը ընդունվեց ապրիլին) մասնատել, վերագրանցել ու վերաձևակերպել-թաքցնել իրենց բաժնեմասերը այլոց անուններով, սակայն այս փուլում այն ինչ-որ պետք է արվի, որոշ իմաստով ևս առաջքայլ է։ Իսկ որ այդ բնագավառում վիճակը ուղղակի խայտառակ է, երևաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անցյալ տարվա մի ուսումնասիրությունից, որից հետևում էր, որ հանքագործությամբ զբաղվող հայաստանյան 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել օֆշորային Կայմանյան կղզիներում գտնվող դրածո կազմակերպություններին: Ընդ որում՝ 17 ընկերության բաժնետոմս վաճառվել էր բացառապես …մեկ օֆշորային ընկերության: Թե ինչ վիճակում է Քննչական կոմիտեում բացված այդ գործը, հայտնի չէ, սակայն պարզից էլ պարզ է, որ հանքագործական ոլորտի այդ մի քանի իրական «գերսեփականատերերին» պետք է փնտրել վերջին երկու տասնամյակում երկիրը կառավարած (ըստ էության՝ թալանած) մարդկանց նեղ շրջանակի մեջ։

Այնինչ, այս ոլորտի կարգավորման որոշումների կիսատ-պռատությունը և անհետևողականությունը, հնարավոր է, նույնիսկ՝ որոշ բարձաստիճանների առերևույթ կոռուպցիոն շահագրգռությունները ու նրանց քաջալերանքը հանգեցրել են նրան, որ հանքագործական ընկերություններից որոշները ուղղակի անցել են բոլոր չափ ու սահմանները։ Դրանցից մեկն, օրինակ, որ ուղղակի արկածախնդիր ֆինանսական փուչիկի տպավորություն է թողնում, ուղղակի փորձում է դատական տեռորի ենթարկել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրական խոսք ասել ապօրինությունների, ֆինանսական մեքենայությունների, բնությանը և շրջակա միջավայրին հասցվող անդառնալի վնասների, ՇՄԱԳ-ում թերի կամ կեղծ տեղեկություններ խցկելու, պարտքով արած կեղծ «բարեգործությունների» հետ կապված փաստերի մասին։ Այս քայլերը սակայն զուր ջանքեր են։ Ինչպես երևում է այդ ընկերություն կոչվածում դույզն ինչ պատկերացում չունեն ինչ ասել է «ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ», «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ» և նման բաներ։

Ամեն ինչ սակայն իր վերջն ունի. իրենց կենսամիջավայրը, հողն ու ջուրը գնահատող, հայրենիքը սիրող ու նրանում իրենց զավակների ապագան տեսնող մարդիկ հաստատ չեն ընկրկելու հանքահեն եկվորների ու նրանց՝ հանածոի փայլից կուրացած տեղական ածանցյալների առաջ։ Իսկ օրվա իշխանությունը, կամ նրա առանձին շահառու դեմքերը, ուղղակի պետք է իրավիճակին ադեկվատ հետևություններ անեն, իսկ դատական իշխանությունները որոշումները կայացնեն «Հանուն Հայաստանի Հանրապետության», ասել է թե՝ ելնելով «ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ»-ից։ Այլ տարբերակ պարզապես չկա։
Այստեղ ես միտումնավոր անուններ կամ անվանումներ չնշեցի, որպեսզի չհարամեմ մարդկանց նախատոնական տրամադրությունը, չնայած կարելի է ենթադրել, թե ովքեր են հասցեատերերը։ Բոլոր փակագծերը կբացվեն ծննդյան տոներից հետո»։

(Visited 14 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх