«Թրամփը չունի այլ ելք, քան պատասխանելը». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Իրավիճակը տարածաշրջանում կանխատեսելի լարվեց:

Պարզ է, որ Իրանի հարվածներն ամերիկյան ռազմաբազաներին չեն մնա անպատասխան: Հաշվի առնելով Թրամփի թե՛ անձնական դիրքորոշումը, թե՛ նախընտրական փուլը թևակոխելու փաստը, Թրամփը չունի այլ ելք, քան պատասխանելը:

Ամենակարևորն այն է, թե ինչ պատասխան կտրվի ԱՄՆ-ի կողմից: Սակայն առավել մեծ լարվածություն կարող է առաջանալ, եթե այդ «պատասխանը» տեղափոխվի Իրանի տարածք:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե հարվածեն Իրանին, ապա իրենց պատասխան հարվածները կտեղափոխվեն դեպի Իսրայել, որը կբերի ԱՄՆ ավելի կոշտ քայլերի, որից առավել կակտիվանան արդեն իսկ ակտիվ գործող շիական կազմակերպությունները, որոնք իրենց գոծողություններն են ծավալում Լիբանանում, Եմենում, Իրաքում, Սիրիայում և այլն:

Բավականին հետաքրքիր ազդակներ կան Ռուսաստանի և Չինաստանի կողմից, ովքեր բացի հայտարարություններից, նաև բավականին լուրջ ռազմական քայլեր են նախատեսում, որոնք կլինեն մոտավոր այսպես՝ Ռուսաստանը կտրուկ կավելացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, թե որտեղ, դեռ քննարկվում է:

Թուրքիան ներքաշվում է լիբիական ուղղությամբ ռազմական գործողությունների մեջ: Համենայն դեպս՝ ԱՄՆ-ն անպատասխան չի թողնի այս ամենը, սակայն պատասխանի ուժգնությունից պարզ կլինի, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները:

Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ թե՛ Իրանը, թե՛ Միացյալ Նահանգներն այն պետություններն են, որոնց հետ մենք չեն կարող հակամարտության գնալ, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից կլինեն թեկուզ հայտարարությունների տեսքով մեր գործողությունների որոշակի համակարգված ծրագրեր, որոնք թույլ կտան մեզ համարժեք արձագանքել իրավիճակին»:

(Visited 16 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх