ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Ի՞նչ հանգամանքներ են պարզվել.
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։
Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին»:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։