Հայաստանում Ա H1N1 գրիպից մարդ է մահացել

Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։

Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:

Այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին:

Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:

Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին:

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Ցավով հայտնում ենք, որ երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, և առողջ ազգաբնակչությունը ևս կարող է ստանալ պատվաստում։

(Visited 13 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх