Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բալային համակարգի սահմանադրականությունը.
Հանրության շրջանում լայն տարածում է գտել այն թեզը, որ տուգանային միավորը (բալային համակարգը) հակասահմանադրական է: ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
Սահմանադրական այս նորմը կիրառելի է նաև վարչական իրավախախտումների պարագայում (եվրոպական դատարանի պրակտիկայի իմաստով` կրկին դատվելու արգելքը չպետք է մեկնաբանվի ներպետական իրավունքում իրավունքի ճյուղերի համատեքստում, այլ առաջացող իրավաբանական հետևանքների և այս առումով կրկին դատվելու արգելքը լիարժեք կիրառելի է):
Կրկին դատվելու նորմ-սկզբունքը չի ապահովագրում այն դեպքերը, երբ օրենսդրությունը պատիժ և պատասխանատվություն կիրառում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներով:
Այլ խոսքով, եթե իրավախախտման սանկցիան ունի հիմնական և լրացուցիչ պատիժ, դրանց միաժամանակյա կիրառումը չի կարող համարվել կրկին դատվելու արգելքի խախտում:
Տուգանային միավորը (բալը) վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված է որպես լրացուցիչ պատժատեսակ (թեև օրենսդրական ձևակերպումները իրավական որոշակիությանը նմանվող խնդիրներ ունեն):
Սրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վկայակոչված օրենսգրքի 24-րդ հոդվածը, որը հղում ունի պատժատեսակներին (տույժերին) հստակ վերապահում ունի հիմնական պատժատեսակների մասով, որտեղ տուգանային միավոր տույժի տեսակը ներառված չէ:
Հետևաբար ճանապարային երթևեկության կանոնի խախտման համար նշանակվում է մեկ հիմնական պատիժ (օրինակ` տուգանք) և մեկ լրացուցիչ` տուգանային միավոր: Այնպես որ տուգանային միավորի կարգավորումը սահմանադրականության հետ կապված խնդիր չունի:
Ավելին՝ այն միջազգային լավագույն փորձն է:
Այս ռեֆորմը անպայման հաջողելու է, եթե վերջինիս հետ փոխկապակցված այլ կոմպոնենտները ապահովվեն (ճանապարհների որակ, տրաֆիկի կարգավորում, իրավագիտակցության բարձրացում, հասարակության առողջացում և այլն): Իներցիայով քլնգելը չի բխում պետության և պետականության շահերից:
Անկախ քաղաքական քիմքից պետք է արձանագրել երկրի դրական զարգացումները:
Եվ վերջում անպայման պետք է հիշել ռեֆորմի հեղինակներին, նրանք թավշյա դիլետանտներ չեն, այլ պետականամետ այրեր (Հովհաննես Քոչարյան, Արմեն Խաչատրյան և այլն)»: