«Տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞՝ իշխանափոխություն». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվականի մարտի 30-ին, երբ տևական դադարից հետո Նիկոլի հետ հանդիպում եղավ, ու նա հայտնեց Գյումրիից իր քայլարշավ սկսելու մտադրության մասին, մենք արդեն ընկերներով մշակած ունեինք Հայաստանում հեղփոխության հասնելու կոնցեպտը։

Մի օր, գուցե, դրա մասին առանձին կգրեմ, բայց ասելիքս հիմա դրա մասին չի։

Պարզապես, որպեսզի հարցեր չլինեն, թե բա որ հեղափոխություն անող էիք՝ ինչի՞ չէիք անում, երկու պատճառ ներկայացնեմ։

Առաջին և ամենակարևոր հարցը այն էր, թե ռեժիմը հեռացնելուց հետո ո՞ր քաղաքական թիմերն են գալու իշխանության և ի՞նչ արժեքներով, ի՞նչ ծրագրերով։

Մեր պատկերացրած հեղափոխությունից հետո նախկին՝ պետությունը զավթած ուժերը, գոնե առժամանակ ընտրություններին պիտի չմասնակցեին, իսկ քանի որ Հայաստանում հետևողականորեն վերացրել էին քաղաքական բոլոր այլընտրանքները, այլ քաղաքական ուժեր չկային, գոնե իմ պատկերացմամբ, բացի ՔՊ-ն։

Բայց դեռևս 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ երբ ՔՊ-ին առաջարկում էինք չգնալ ընտրություններին, մերժել այն և փողոցով վերցնել իշխանությունը, առնվազն Նիկոլն էլ, Արարատն էլ, ասացին, որ որպես քաղաքական ուժ իրենք չեն կարող չմասնակցել քաղաքական պրոցեսին՝ «ընտրություններին»։

Ըստ այդմ, նրանց հետ հեղափոխության գնալու հույսեր կապել այլևս չէինք կարող։

Երկրոդ պատճառը կոնցեպտի առանցքային բաղադրիչներից մեկի «Իրավական վեճի» պարտադիր առկայությունն էր, որը դեռ չկար։

Ապրիլի 30-ին ստացվեց այնպես, որ ՔՊ-ն ինքը մտադրություն հայտնեց սկսել փողոցով իշխանությունը վերցնելու պրոցես։

Եվ կար միաժամանակ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում չվերընտրվելու խոստման դրժումը հանդիսացավ այն իրավական վեճը, որը հեղափոխության գործընթացն սկսելու հիանալի նախապայման էր։

Մնում էր Նիկոլի հետ համաձայնեցնել նախքան արտահերթ ընտրություններն օլիգարխիկ համակարգը ապամոնտաժելու և նոր քաղաքական միջավայր ստեղծելուց հետո ընտրությունների գնալու պայմանները։

Մեր համեստ կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ էր մի քանի պայման.

1) ժամանակավոր կառավարությունը ձևավորած ուժը պիտի չմասնակցեր ընտրություններին, որպեսզի մասնակցող ուժերի համար լինեին հավասար պայմաններ։

2) Ժամանակավոր կառավարությունը պիտի փոխեր ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը, սահմանափակեր օլիգարխիկ և իշխանությունը զավթած ու դրան մասնակից դարձած հանցավոր խմբավորումների մասնակցությունը ընտրություններին

3) Ժամանակավոր կառավարությունը պիտի լուծեր դատական համակարգի խնդիրը անցումային արդարադատության միջոցով

4) Պիտի մշակեր և ներդներ կապիտալի և քաղաքականության տարանջատման մեխանիզմներ:

Վերը թվարկած բոլոր կետերի շուրջ եկանք համաձայնության, բացի առաջինից։

Նիկոլը պնդեց, որ ժամանակավոր կառավարություն ձևավորող ուժը չի կարող չմասնակցել ընտրություններին, որովհետև տեղից էլ մարդկային ռեսուրսների մեծ բաց կա։

Համաձայնեցինք։

Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ ժամանակավոր կառավարությունը վերը նշված ոչ մի կետ չկատարեց (տարբեր պատճառներով և պատճառաբանություններվ)։

Հարց է առաջանում՝ իսկ մենք պատրա՞ստ էինք դրան։ Պատրա՞ստ էինք իրադարձությունների նման զարգացմանը։ Այո, պատրաստ էինք։ Սուրենի (Սահակյան) հետ շատ ենք մտածել ու քննարկել էս հարցը՝ «Իսկ եթե չանեն։

Եթե Նիկոլը գա իշխանության և կետերից ոչ մեկը չկատարի»։

Արժի՞ արդյոք գիտակցելով դա գնալ հեղափոխության։

Որոշեցինք, որ արժի։ Ինչքան էլ, որ նա (Նիկոլը) չգիտակցելով դրանց կարևորությունը, կամ միտումնավոր հրաժարվեր կետերը կատարելուց, այնուամենայնիվ, կար մի քանի գործոն, որոնց համար արժեր անել հեղափոխությունը։

Վատագույն սցենարը, որ կարող էր լինել, այն էր որ կա՛մ Նիկոլը համակարգը «կքաշի իր տակ»՝ կլինի իշխանափոխություն, կա՛մ, որ ավելի վատ է՝ կստեղծի առավել տոտալիտար համակարգ։

Ըստ մեր եզրահանգումների՝ առաջինի դեպքում Նիկոլը համակարգի մեջ օտար էր լինելու և ինչքան էլ որ ձգտեր «իրենով անել» Սերժի համակարգը, չեր լինելու այնպիսին ինչպիսին Սերժի դեպքում էր՝ կառուցած համեմատաբար կուռ ու անձերի վրա հիմնված՝ դերաբախշած։

Եվ հետևաբար, այն լինելու էր ոչ գործունակ։

Երկրորդի դեպքում. եթե պարզվեր, որ նա առավել տոտալիտար է, քան նախկինը, ապա նույն այն գործիքներով, որով պիտի տապալվեր Սերժի իշխանությունը, կտապալվի նաև Նիկոլինը, իսկ դրա համար ժողովրդին անհրաժեշտ է տալ խաղաղ անհնազանդության գործիքակազմը և ցույց տալ դրա հնարավորությունները։

Ինչը հենց Նիկոլի հետ էլ պիտի արվեր։

Մյուս բոլոր դեպքերում, անկախ տեմպից և զարգացումներից, հեղափոխություն առավել քան անհրաժեշտ էր։ Ու որոշեցինք գնալ դրան։

Հիմա հետահայաց, որ նայում եմ, մի կողմից ուրախ եմ, որ զարգացումները չգնացին հնարավոր վատագույն տարբերակով։ Մյուս կողմից, իհարկե, չգնացին նաև լավագույն տարբերակով։

Ինչը, ինչ խոսք, տխրեցնում է։

Ըստ այդմ, գոնե ինձ համար հարց է ծագում, վերջին հաշվով տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞՝ իշխանափոխություն։

Քանի որ ստատուսը շատ երկար եղավ, դրա և էն կարևորի մասին, ինչի համար էսքանը գրեցի՝ կգրեմ հաջորդ գրառման մեջ»:

(Visited 11 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх