«Բալերի վաճառքը չափելի և վերահսկելի է». Սերգեյ Ղահրամանյան

Հունվարի 1-ից բալային համակարգի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ եկավ բիզնեսի նոր տեսակ՝ բալերի վաճառք:

Այս օրերին համացանցում հանդիպում ենք հայտարարությունների, որոնց հեղինակները 1 բալը վաճառում են օրինակ 70-75 հազար դրամով: Որքանո՞վ է սա օրինական, ՀՀ ոստիկանությունը որպես կարգավորող մարմին այստեղ անելիք չունի՞:

Այս հարցերի շուրջ  թղթակիցը զրուցել է Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի հետ:

Ս. Ղահրամանյանն ասաց, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ վարորոդները դիմում են բալեր վաճառելու հնարամտությանը, այսինքն՝ իրենք մեքենա ունեն, սակայն այն չեն վարում, իսկ իրենց տրամադրված միավորները վաճառքի են հանում:

Դա անակնկալ չի եղել կառավարության ու ոստիկանության համար: Այդ մասին խոսվել է դեռևս 2019թ. մարտի 16-ի կառավարության նիստում, երբ առաջին անգամ բալային քննարկման էր դրվել համակարգը:

Այն ժամանակ դա օրենսդրական բաց չի համարվել: Փորձագետներն էլ նկատել են, որ բալերի վաճառքը չափելի և վերահսկելի է:

«Այդ ամենը, այսպես ասած, ինքնակիրառվելու եղանակով դուրս է գալու, որովհետև եթե միավորները սպառվեն, հաջորդ տարի վարորդական իրավունքից զրկում է տեղի ունենալու:

Հետևաբար, մարդիկ, ովքեր նման գործողությունների կդիմեն, կզրկվեն նաև վարորդական իրավունքից: Եթե իրենք պատրաստ են դրան, թող գնան այդ քայլին»,- ասաց Ս. Ղահրամանյանը:

Ըստ նրա՝ այստեղ կա ևս մի խոչընդոտ, որը կստիպի բալեր չվաճառել. դա պետական պաշտոնական մարմնին կեղծ տեղեկության տրամադրումն է:

Նախկինում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ոստիկանությանը կեղծ տեղեկատվություն են տրամադրել, և այդ դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցվել:

«ՀՀ-ում քիչ են այն մարդիկ, ովքեր մեքենա ունեն, սակայն իրենք չեն վարում: Համացանցում էլ առկա հայտարարությունները մեծ մասամբ ֆեյքային են: Նման դեպքերը հատուկենտ կարող են լինել»,- նշեց հասարակական խորհրդի անդամը:

Այս համատեքստում նա զուգահեռ անցկացրեց ԱՊՊԱ համակարգի հետ:

«Այն ժամանակ այսպես ասած՝ մեկը մյուսի վթարն իր վրա վերցնելու պրակտիկան էր կիրառվում, սակայն հետո երբ ներդրվեց խրախուսման բոնուս-մալուս համակարգը, վերջ դրվեց դրան:

Երբ բալային համակարգում էլ կիրառվի խրախուսման մեթոդը, բալերի վաճառք ասվածը կվերանա»,- նշեց ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամը:

Հարցին, թե ե՞րբ է խրախուսման ինստիտուտը կիրառվելու, Ս. Ղահարմանյանն ասաց, որ դրա համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի:

«Օրինակ՝ բոնուս-մալուս խրախուսման եղանակը մտցվեց ԱՊՊԱ-ի համակարգը ներդնելուց 2-3 տարի անց:

Բալային համակարգը նոր է ներդրվել: Գուցե 1-2 կամ 3-4 տարի հետո մտածեն դրա մասին: Ամեն դեպքում՝ ոստիկանությունն ու կառավարւթյունը դեմ չեն խրախուսմանը:

«Օրինակ՝ Ճապոնիայում կիրառվող բալային համակարգը նախատեսել է խրախուսման այն ձևը, որ վարորդական իրավունքի տրամադրումն արվում է ոչ թե 1 օրվա, այլ 1 ժամվա ընթացքում»,- ամփոփեց Ս. Ղահրամանյանը:

(Visited 19 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх