ԱԺ-ն հունվարի 22-ին 73 կողմ, 20 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրինագիծը:
ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, որովհետև օրինագծում անորոշություններ կան:
Հիշեցնենք, որ այս օրինագծի քննարկման ժամանակ էր նախորդ օրը տեղի ունեցել ԲՀԿ-ի և «Իմ քայլի» պատգամավորների միջև քաշքշուկը:
Մեկ այլ քվեարկությամբ խորհրդարանը մերժեց Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: ԼՀԿ ղեկավար Է.
Մարուքյանը հույս էր հայտնել, թե խորհրդարանական մեծամասնությունը չի տապալի այն: Նրան աջակցություն էր հայտնել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով.
«Դրանով դուք վատ վիճակի մեջ եք դնում ձեր քաղաքապետին»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես արձագանքեց.
«Վատ նախադեպն այն է, որ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովն իրականացնի գործառույթներ, որոնք իր լրազորությունների մեջ չեն մտում և պարունակում են հակասահմանադրական տարրեր»,- նշեց նա և առաջարկեց, որ քննությունը Երևանի ավագանին կատարի:
Լ.Մակունցը հավելեց, որ «Իմ քայլը» չի մասնակցելու քվեարկությանը:
Քվեարկությունից հետո Մարուքյանը հայտարարեց.
«Դուք ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար:
Հարցն արդեն խորհրդարանի հարթակում է:
Սա վատ նախադեպ է, որը չի եղել անգամ նախորդ խորհրդարանում:
Սա քաղաքական հետևանքներ է ունենալու:
Մեծամասնություն ունենալով՝ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը»,- պնդեց նա:
«Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն էլ Մարուքյանին առաջարկեց.
«Կոչ եմ անում կոռեկտ արտահայտվել: Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ, ձեր նախկին գործընկերների հետ սուրճ խմել»:
ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը նկատեց, թե Ռ.Ռուբինյանի այդ արտահայտությունը կոռեկտ չէ: