«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղը». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

… Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեր կյանքը, մարդը՝ առանց դրանց:

Ո՛չ, անպտուղ չի մեր գործը:

Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը …

Խորին համոզմունքս է, որ մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ և միաժամանակ ավելի գրավիչ, հաճելի զենք, քան ծիծաղը:

Կարպ Խաչվանքյան

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանի ծննդյան օրն է:

Սիրված դերասանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս:

1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։

1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Հայկական բեմի Չարլի Չապլին. այսպես են բնորոշել հայ թատրոնի ու կինոյի մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանին:

«Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից:

Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի:

Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա»,- ասել է Խաչվանքյանը:

Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։

Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

(Visited 26 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх