«Ցավով եմ նշում, որ անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում:
Շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, իր բառապաշարով, մտածելակերպով և վախերով:
Պարո՛ն Մարուքյան, ցավոք, Ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ միայն ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով:
Դուք հիմա այնպիսի ընդդիմության դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ստիպված էինք եղել ներկայանալ նախորդ իշխանության ժամանակ:
Եվ դա մեղմ ասած՝ լավ օրից չէր: Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնեք անցյալի ձևերից, հրաժարվեք անցյալի չափանիշներից:
Անցյալի տեսակի ընդդիմադիրության ռեսուրսը սպառված է մեկընդմիշտ, որովհետև մերժված է, չկա նախորդ իշխանությունը:
Ասել, թե մեզ դուր է գալիս լինել Սերժ Սարգսյան, նշանակում է լինել անհուսալի կերպով հին:
Ասել՝ մեջ մի՛ ընկիր, երբ բանավիճում են քո քաղաքական պապայի հետ, նշանակում է վերարտադրել անցյալն ու անհուսալի կերպով լինել հին:
Այս ի՞նչ բառապաշար է, մի՞թե մենք և Դուք քաղաքական հայրերի կատեգորիաներով ենք բանավիճելու»,- ԱԺ-ում դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Ինչպես նշեց Նազարյանը, մի առիթով ասվել է, թե պետական կառավարման համակարգն իներցիայով է շարժվում, ժամանակ և աշխատանք է պետք: Պատգամավորը պնդեց, թե իներցիայով է շարժվում նաև ընդդիմությունը, մեկ տարի անցնելուց հետո էլ ընդդիմությունը հետ է գնում:
«Հիմա մարդկանց և երկրին անհրաժեշտ է նոր գործելաոճով կառավարվող ուժ և նույն գործելաոճով ընդդիմություն:
Մի՞թե սա ակնհայտ չէ: Ոչ միշտ է ճիշտ լինել կլասիկ՝ հին Հայաստանի իմաստով:
Դասականությունն արդեն մեկ անգամ Ձեզ խանգարել է և այն խանգարում է նաև հիմա:
Պետք է աշխատել ինքներդ Ձեզ գերազանցելու համար: Դժվար է իհարկե, բայց դա է այսօր բոլորիս մարտահրավերը:
Անկեղծորեն ուզում եմ, որ քաղաքական մշակույթն իրոք բարեփոխվի»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը: