«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր հրապարակել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ են իրականացրել:
Հունվարի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր. «Վանեցյանի պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով:
Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»:
Կառավարության այսօրվա նիստից հետո, վերոնշյալի հետ կապված, լրագրողները պարզաբանումներ են խնդրել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից.
«Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով և՛ գործիքներ, և՛ մարդկանց։
Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին կամ գաղափարներին՝ փորձելով քայլեր ձեռնարկել։
Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել»:
Հարցին, թե ովքե՞ր են եղել հեղաշրջման փորձ կատարողները, ԱԽ քարտուղարը նշեց, որ նրանք տարբեր մարդիկ են եղել, որոնց անուններն ինքը չի ցանկանում նշել:
Իսկ թե կանխվելուց հետո ի՞նչ հետևանքներ են ունեցել, արդյոք պաշտոնանկություններ եղե՞լ են, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ այժմ որևիցե վտանգ չկա…
Եղել են նաև պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի»։