«Նախաքննությունը կարող է տևել ևս 10 տարի, իսկ մեր վստահորդը չի կարող չօգտվել իր պաշտպանության իրավունքից». Քոչարյանի պաշտպան

Արդեն հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ հունվարի 31-ին քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ Դատախազության կողմից բերված բողոքը:

Դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նյութերը չտրամադրելը դատախազ Պետրոս Պետրոսյանը հիմնավորել էր նրանով, որ դրանք նախաքննական գաղտնիք են և տրամադրման ոչ ենթակա:

Ըստ նրա՝ տրամադրմամբ կարող են վնասվել այլ անձանց իրավունքները ևս:

«Քննվում են քրեական գործով բազմաթիվ դրվագներ, որոնք այս փուլում հրապարակման ենթակա չեն:

Գործի նյութերը տրամադրված են անջատված մասով, որոնք վերաբերելի են եղել այդ քրեական գործին, անջատվել են 4 մեղադրյալների նկատմամբ և գործի ողջ նյութերը տրամադրվել նրանց: Քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է քրեական գործից մաս անջատելու ռեժիմ:

Եթե առկա են որևէ գործով դատարան ուղարկելու բավարար ապացույցներ, վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացնում համապատասխան մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատելու:

Եվ դա վարույթ իրականացնող մարմնի բացառիկ լիազորությունն է: Եվ վարույթն իրականացնող մարմինը, այս լիազորությունը իրականացնելով, որոշում է կայացրել, անջատվել են գործի նյութերը և տրամադրվել պաշտպանության կողմին»,- նշեց Պետրոսյանը:

Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը նկատեց, որ երբ գործի նյութերն առանձնացվել ու իրենց են ուղարկվել, դրանցում առկա է ամեն ինչ՝ սկսած 2008թ. հարցաքննություններից:

«Մենք որևէ բացատրություն չենք ստացել, թե դրանք ինչ կապ ունեն գործի հետ, սակայն մեղադրական եզրակացության մեջ ընդհանրական ձևակերպումներ են տրված:

Ներկայացված են նյութեր առավոտյան Ազատության հրապարակի իրադարձությունների վերաբերյալ, նյութեր՝ 2008թ. հունիսից հետո ոստիկանության ենթադրյալ կեղծիքների մասին, որ բացարձակ հասկանալի չէ, թե ինչ կապ ունի այս գործով ամբաստանյալների հետ:

Բայց այդ ամեն ինչն առանձնացվել է, ընդ որում՝ ընտրողաբար:

Դրված է մի ոստիկանի ցուցմունք, դրված չէ նույն բանի վերաբերյալ 2-րդ ոստիկանի ցուցմունքը:

Մենք չենք կարող վստահել դատախազությանը: Մենք ուզել ենք փաստաթղթեր մինչև այն օրվա դրությամբ, երբ գործից նյութեր են առանձնացվել»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ նախաքննական գաղտնիք պահանջելը, Հ. Խուդոյանը նշեց. «Այնքանով է ճիշտ, որ դա անհրաժեշտ է պաշտպանության իրավունքը լիարժեք իրականացնելու համար»:

Դիտարկմանը, թե այդ փաստաթղթերը մի օր դադարելու են նախաքննական գաղտնիք լինել և հրապարակվելու են, փաստաբանն ասաց.

«Նախաքննությունը կարող է տևել ևս 10 տարի, իսկ մեր վստահորդը չի կարող չօգտվել իր պաշտպանության իրավունքից այս պահին ընթացող դատական գործով»:

Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինն ինքն է որոշում հրապարակման ենթակա նյութերի ծավալը, իսկ առաջին ատյանի դատարանն էլ արձանագրել է, որ պաշտպանության իրավունքը տվյալ դեպքում գերակշռում է:

Առաջին ատյանն իր վճռում արձանագրել է, որ նյութերը կարող են տրամադրվել պաշտպաններին, սակայն հանրության համար հրապարակման ենթակա չլինել:

Նման դեպքում պաշտպանները չհրապարակելու ստորագրություն են տալիս:

(Visited 1 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх