Ինչո՞ւ չեն դատվում դատավորները. Նրանք են եղել հանցագործությունների հենարանը Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչո՞ւ չեն դատվում դատավորները. Հայաստանի վերջին երեսուն տարիների հանցագործությունների պարտակման ողջ մեղքը Հայաստանի դատա-իրավական համակարգի վրա է՝ քննիչների, դատախազության և, առավել կարևորը՝ դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի:

Նրանք են եղել հանցագործությունների հենարանը:

Դա մի իրողություն է, որ լույսի պես պարզ է Հայաստանի հասարակությանը:

Նրանք են իրավունքի պաշտպանները և իրականացնողները, և գործնականում նրանք են նպաստել իշխանության մյուս թևերի հանցագործություններին՝ ԱԺ-ին՝ հանցագործներով և այսպես կոչված «գործարարներով» համալրվելու և իշխանության օլիգարխացման, Կառավարությանը՝ Հայաստանի տնտեսության մենատիրացման և անսահման թալանի իրականացման, նախագահներին՝ այդ ամենին մասնակցության և հանցագործություններն ամենը կոծկելուն:

Նրանք հանցագործության մասնակիցներ են: Ի՞նչ հույս կարելի է կապել այսօրվա դատա-իրավական համակարգի հետ, որն ուղղակիորեն համագործակցել է Հայաստանի բնակչության հուսահատության, բարոյալքվածության, արտագաղթի, երկրի տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական հյուծվածության հասցրած իշխանության մյուս թևերի հետ:

Նրանք համատեղ են մեր երկրի ազգային անվտանգության սպառնալիքը: Քանի՞ դատավոր է կամովին հրաժարվել Հայաստանի բռնապետացման ընթացքին մասնակցությունից: Քանի՞ դատավոր է դատվել:

Դատավորների հանցակցությունն ապացուցելով և նրանց դատելով միայն կարելի է հասնել դատարանի իրավական պատասխանատվությանը: Դատավորն առանցքային ֆիգուր է հեղափոխության նպատակների իրականացման համար:

Քանի դեռ քննիչ/դատարան/դատավոր շղթան անձերով և գործընթացներով նույնն են, մեր երկրում մեծ հաշվով ոչինչ չի փոխվում և չի փոխվելու:

Դատարան շրջափակելով, պատվավոր կամ անպատիվ թոշակի ուղարկելով հարցը չի լուծվելու: Հիմա ի՞նչ է, շրջանառության մեջ է «ներման բանա՞ձևը»:

Վաղուց եմ մտածում «ներման» փիլիսիփայության և բանաձևի շուրջ:

Ո՞ւմ և ի՞նչը կարել է ներել, կա՞ արդյոք ներման համապարփակ բանաձև: Լա՞վ բանաձև է արդյոք վաղուց գոյություն ունեցող և վերջին երկու տասնամյակում պարտվող քաղաքական գործիչների կողմից հաճախ բարձրաձայնվող «մի դատիր, որ չդատվես» բանաձևը: Առհասարակ արդարացի՞ է արդյոք քրիստոնեական ներման փիլիսոփայանությունը:

Ո՞ւմ վրա է այն տարածվում, զոհ-անհատի՞, թե՞ նաև պետական ինստիտուտների վրա: Ո՞ւմ ներել, հանցագործի՞ն, հանցագործության մասնակցի՞ն, բռնացողի՞ն, սպանողի՞ն, դրանց հիշողությունը կրողի՞ն: Օրինակ` ինչի՞ համար են հայերից ներողություն խնդրում որոշ թուրքեր, ովքե՞ր են նրանք, ումի՞ց են ներողություն խնդրում, կարելի՞ է արդյոք նրանց ներել, ինչի՞ համար նրանց կարելի է ներել կամ պետք է ներել և ո՞վ պիտի ների:

Արդյոք ներողություն խնդրողները դահիճների ուղղակի և կենսաբանական ժառանգներն են, թե՞ իրենք իրենց համարում են 20-րդ դարի ընթացքում ինքնությամբ թուրք դարձածների բարոյականության սոցիալական և բարոյական պատասխանատուները:

Ումի՞ց են ներողամտություն հայցում/սպասում, հայկական պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցների՞ց, թե՞ անորոշ ու «տեսական» հայերից: Կարո՞ղ են, բարոյական և իրավական իրավունք ունե՞ն ներելու կառույցները:

Տեսական «հայերից» տեսական «ներողությունն» ի՞նչ գործնական քայլերով է ուղեկցվում՝ դատապարտո՞ւմ են արդյոք Թալյաթի, Էնվերի, Ջեմալի, Մուստաֆա Քեմալի, Քյազիմ Կարաբեքիրի, թոփալ Օսմանի… մեծարումները ներկայիս Թուրքիայում, ինչպե՞ս են դատապարտում, ի՞նչ գործողություններով: Մահացած զոհերը ներել/չներել չեն կարող, համաժողովրդական ներել/չներել չի կարող լինել:

Կարո՞ղ են ներել/չներել կենդանի մնացածների երրորդ-չորրոդ սերնդի ժառանգները: Եվ ո՞ւմ պիտի ներեն՝ ներողություն խնդրողների՞ն, կայացող թուրք ժողովրդի՞ն, թուրքական անցյա՞լի, ներկա՞յի իշխանություններին, որն ինքը չի ներում ներողություն խնդրողներին:

Ո՞րն է լինելու ներման բանաձևը՝ ձևացնենք, թե ոչինչ չի՞ եղել, թե՞ ձևացնենք, որ գիտակցվել է եղածի ողջ հրեշավորությունը և այդ կա այդ հրեշավոր հանցագործության գիտակցության կրողների խումբ:

Իսկ երկրում շարունակվում է հանցագործության հրեշավորության մասին վկայությունների դեմ բողոքը՝ դա «վիրավորում է թուրքական արժանապատվությունը»:

Իսկ հիմա իրավական համակարգից նույնիսկ ներողություն խնդրող չկա, ներաղամտության հայցող չկա, հանցագործության գիտակցություն չկա, բայց անսահման ներողամտություն և ներողամտության կոչ կա այսօր էլ շարունակվող հանցագործության նկատմամբ:

Սա քաղաքակա՞ն դիրքորոշում է, թե՞ քրիստոնեական բարոյական ներողամտություն: Կանխատեսելի՞ է սրա հետևանքը»:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх