«Տհաճ է, երբ վիրավորում և հայհոյում են Հայաստանի ղեկավարին».

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Ինձ տհաճ է, երբ հրապարակային վիրավորում են Հայաստանի ղեկավարին, բայց…

Ատելությունն ու թշնամությունը որդի պես կրծում և թունավորում է մեր հասարակությունը, պառակտում և բաժանում հանրության տարբեր խմբերին և շերտերին։
Շատ վտանգավոր է և արդեն հատել ենք թույլատրելի բոլոր սահմաններն ու կարմիր գծերը։

Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ չափազանց տհաճ է, երբ վիրավորում և հայհոյում են Հայաստանի ղեկավարին, անպատվում ու պախարակում են նրան։

Սա պետության և պետականության խնդիր է, ինչը չի ընկալվում քաղաքական դիմակայության և հակամարտության մեջ գտնվող քաղաքական բեևեռների և դրանց օդիոզ ներկայացուցկչների կողմից։

Բայց ստիպված եմ փաստել, որ կրկնակի տհաճ է, երբ այդ սահմաններն ու գծերը հատում է հենց ինքը՝ պետության ղեկավարը։

Ոչ մի կերպ չեմ կարող ընկալել և հասկանալ նրա շուրթերից հնչող փողոցային բառամթերքը, չմտածված ու չհաշվարկված հայտարարությունները, կոպիտ և վիրավորական արտահայտությունները։

Եթե «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» մասին խոսում է քաղաքական ընդդիմադիր ուժի որևէ ներկայացուցիչ, ապա դա անընդունելի է, սխալ է, սակայն երբ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» հրաման է հնչեցնում պետության ղեկավարը, ապա դա ոչ միայն սխալ է և անընդունելի, այլևս անօրինական է ու պաշտոնական դիրքի չարաշահումը, քանի որ պաշտոնատար անձը գործում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» լիազորություն ՀՀ վարչապետը չունի և չի կարող ունենալ։

Եթե պետության ղեկավարը իրեն թույլ է տալիս որոշել, թե ով տեղ ունի Հայաստանում, ով ոչ, ապա ի՞նչ պահանջել արմատական ընդդիմությունից։

Եթե Հայաստանում օրինականության պաշտպան և երաշխավոր ոստիկանությունը ահաբեկիչին ծառայողական մեքենայով է ուղեկցում,

իսկ ոստիկանապետը նրա առջև բացում է մեքենայի դուռը, սակայն այդ նույն ոստիկանությունը ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ձեռնաշղթաներով ու կարմիր բերետավորներով բերման են ենթարկում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անօրինական և չարդարացված ուժ են կիրառում ու նվաստացնում նրանց արժանապատվությունը, ապա ի՞նչ իրավունքով պահանջենք այդ նույն ընդդիմադիրներից, որ հանդուրժող և կոռեկտ լինեն իրենց խոսքում։

Երբ ասում ենք, որ օրվա իշխանությունը ուղիղ պատասխանատու է երկրում կատարվող ամեն ինչի համար, հենց սա ի նկատի ունենք։

Երբ ասում ենք, որ այլակարծությունը նորմալ է և պետք է, իսկ նրանց նկատմամբ իշխանության կողմից կազմակերպված ագրեսիվ իրական և ֆեյքային հարձակումները վտանգավոր են ներքին կայունության համար, հենց սա ի նկատի ունենք։

Հարգելի իշխանություններ, հարգելի պարոն Փաշինյան խնդրում/հորդորում/պահանջում եմ դադարեցնել ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը, զգույշ և պատասխանատու լինել արտաբերած խոսքերի, գնահատականների մեջ, հավասարակշռված և հաշվարկված լինել ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին գնահատական հնչեցնելու և գործողություններ կատարելու հարցում։

Անջատեք ֆեյքային ֆաբրիկաները, զսպեք ձեր ագրեսիվ և հիստերիկ կողմնակիցներին, չափավորեք Ձեր և ձեր թիմի անդամների տրված գնահատականներն ու արտահայտությունները։

Հավատացնում եմ Ձեզ, որ սա անելով Դուք կզսպեք և կսահմանափակեք ձեր իշխանության ընդդիմախոսներին և կտաք հնարավորություն քաղաքական գործընթացները տեղափոխել ազգային և պետական շահերի հարթություն, առաջ բերել իրական օրակարգ և լցնել այն քաղաքական բովանդակությամբ։

Վստահ եղեք, սրանից առաջինը կշահեք Դուք, ապա Հայաստանը և վերջապես, մեր քաղաքացիները»։

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх