«Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով…

Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում՝ իրավական վակխանալիան, հայկական երկրորդ պետությունում թեժանում են նախընտրական կրքերը:

Չեմ կարող ցավով չարձանագրել, որ սկսել են նշմարվել վիրավորանքի, ատելության, անհանդուրժողականության այն ցավալի տենդենցները, որոնք առ աայսօր քայքայում են ու հյուծում Հայաստանը:

Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել:

Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարևոր խնդրանք-հորդոր-կոչ-ահանջ ունեմ ձեզ:

Տղերք, հարգելիներս, խնդրում եմ ձեզ չվերածել քարոզարշավը ստի, ատելության և թշնամանքի զորահանդեսի: Այն խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն, ավաղ, դեռ պահպանվում է մեզ մոտ, մի ներմուծեք Արցախ:

Մի բուռ ժողովորդ եք, բզիկ-բզիկ լինելու իրավունք չունեք, իրար ուտելու իրավունք չունեք, Ձեզ թուրքը բաժանել չի կարողացել, Երևանում այսօր գահակալածներն ո՞վ են, որ դա կարողանան անել: Ղարաբաղցիները միշտ են «սպայկա» եղել, ամենուրեք միասին են դիմակայել դժվարություններն, իրար քյոմագ արել ու հաղթահարել պատնեշները:

Դուք պարսկական շահեր, կարա- և ակ կոյունլու, ադրբեջանական պարտկոմներ եք տեսել: Մի թողեք ձեզ թշնամացնեն, մի թշնամացրեք մարդկանց իրար նկատմամբ:

Մի խաղացեք այն կեղտոտ խաղը, որ ձեզ թելադրվում է: Մի այրեք Արցախը որպես հայկական հպարտության և միասնակության ունիկալ ֆենոմեն կամրջող կապերը, նախևառաջ՝ իրար հետ:

Ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն, որ մի լծակ չի արդարացնելու այն փլատակները, որոնք անխուսափելիորեն կառաջանան, եթե նախընտրական արշավը վերածվի բարոյականությունը, սրբությունները ու ընկերությունն ավիրող թայֆունի:

Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով.

Արցախի ընտրություններն ինձ շատ ավելի են մտահոգում, քան իմ քաղաքական կարիերան, Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը և ՀՔԾ-ԱԱԾ հերթական անգամ հրավիրվելը միասին վերցրած:

Ընտրությունների հաջորդ օրն Արցախը պետք է է՛լ ավելի ամուր և ուժեղ արթնանա: Սա է ձեր ու մեր, բոլորիս իրական մարտահրավերը»:

(Visited 22 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх