«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վայոց ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կա: Այսօրվա իշխանությունը նախկին իշխանությունների նման իրականացնում է հանցավոր քաղաքականություն»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Վայոց ձորից ֆերմեր Տիգրան Եղոյանը:
Նա պնդում է, որ ՀԷԿ-երի շահագործմամբ չորացնում են բոլոր գետերը, և իրենք պատրաստ են անգամ դիմելու ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ հացադուլի. «Գյուղացին հարկադրաբար վերացնում է խոշոր եղջերավոր անասուններին:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի ղեկավար Հրաչ Բերբերյանը, խոսելով գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակի մասին, ասել է.
«Վերջին երկու տարում մենք կորցրել ենք մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, թռչնաբուծությունն էլ իր հերթին է խայտառակ վիճակում»:
Նրա խոսքով՝ ՀՀ Կառավարության ամբողջ դժբախտությունը կադրերն են.
«Ինչպես կարող է մի բնագավառ, որը ՀՆԱ է ապահովում, փակվի ու կցվի կոորդինացնող նախարարությանը. սա դիվերսիա է, տվեք անունը՝ ով է առաջարկել փակել գյուղնախարարությունը…:
Մենք այսօր կարող ենք մոտ 3000 տոննա լոլիկ արտադրել, բայց այդ հարցով չենք զբաղվում, ինչի հետևանքով բերքը տուժում է մորմազգի ցեցից»,- ասել է նա:
Գյուղատնտեսական ճգնաժամի ու գյուղական վայրերի միջազգային փորձագետ Արմեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ միջազգային մակարդակով 35 տոկոսով աճելու է մսի պահանջարկը, մոտավորապես 48-62 տոկոս աճելու է սննդամթերքի պահանջարկը.
«Մենք գյուղատնտեսության ոլորտում պետք է ունենանք այնպիսի քաղաքականություն, որ հասկանանք՝ ու՞ր ենք գնում: Այո՛, կադրերի խնդիրն ամենամեծն է»:
Ֆերմեր Տիգրան Եղոյանը նշում է, որ գյուղատնտեսության ոլորտում թալան է, ինչը, նրա խոսքով, վարչապետը շատ լավ գիտի. «Գյուղացին երկրից գնում է:
Նիկոլ Փաշինյան, դու շատ շուտով կզգաս գյուղացու հարվածը»,- ասել է ֆերմերը: