Նեղ ջինսե տաբատները կանանց զգեստապահարանի անբաժանելի մասն են կազմում, սակայն նման հագուստ կրելը կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ և բացասաբար անդրադառնալ ինչպես արտաքինի, այնպես էլ առողջական վիճակի վրա:
Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ նեղ ջինսե տաբատները նպաստում են ցելյուլիտի զարգացմանը, իսկ սա ամենատարածված ու տհաճ խնդիրներից մեկն է:
Բացի այդ, այս տաբատները կարող են հանգեցնել նաև մի շարք առողջական խնդիրների զարգացման, որոնք էլ կարող են շատ վտանգավոր լինել:
Հետազոտությունների արդյունքում բժիշկները եկել են այն եզրահանգման, որ նեղ ջինսե տաբատներ կրելն ու դրանցով հաճախ կռանալն ու կքանստելը կարող է վնասել նյարդային համակարգն ու բացասաբար անդրադառնալ արյան շրջանառության վրա, իսկ ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառը հենց արյան շրջանառության խանգարումներն են:
Ինչպես հաղորդում է Medikforum.ru կայքը, բժիշկները որպես օրինակ ներկայացրել են 35-ամյա մի կնոջ դեպքը, որը հոսպիտալացվել է ոտքերի ու կոճերի այտուցով:
Բուժզննումը ցույց է տվել, որ ստորին վերջույթների թմրածությունը պայմանավորված է եղել ջինսե նեղ տաբատով, որն առաջացրել է արյան շրջանառության խանգարում:
Ընդ որում՝ խնդիրն այնքան լուրջ է եղել, որ կինն անգամ չի կարողացել քայլել: Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ նեղ տաբատը սեղմել է մկաններն ու հանգեցրել այտուցի:
Ի վերջո հյուսվածքները չեն ստացել անհրաժեշտ քանակությամբ թթվածին, խանգարվել է ոտքերի ու նյարդերի արյան շրջանառությունը, ինչն էլ նման հետևանքներ է ունեցել:
Մասնագետները պնդում են, որ հաճախ նեղ ջինսե տաբատները կրելը կարող է դառնալ նաև ցելյուլիտի առաջացման պատճառ:
Նմանատիպ հագուստի պատճառով կանանց օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ սննդարար նյութեր, ինչը բարձրացնում է այնպիսի վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին է երակների վարիկոզ լայնացումը:
Նման վտանգավոր խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խուսափել նեղ ջինսե տաբատներից և դիմել մասնագետին ցանկացած կասկածելի ախտանշանի դեպքում: