Փետրվարի 13-ի նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում Երևան-Լոս Անջելես թռիչք բացելու ուղղությամբ:
Լոս-Անեջելեսում հայկական մեծ համայնք ունենք, և շատ քաղաքացիներ են իրեն դիմել այդ խնդրով:
Տ. Ռևազյանն ասաց, որ աշխատանք տարվում է, սակայն խնդիրը բարդ է: Բանն այն է, որ որպեսզի թռիչքները շահութաբեր լինեն, հարկավոր է շաբաթական 2-3 թռիչք իրականացնել, ինչը մեր ավիաընկերությունները դեռ իրագործելի չեն համարում:
Հիմա Քաղավիացիայի կոմիտեն աշխատում է հարցի լուծման հասնել Վրաստանի միջոցով:
«Իրենք ավելի շատ հետաքրքրվում են Նյու-Յորքի ուղղությամբ, մենք՝ Լոս-Անջելեսի»,- ասաց Ռևազյանը:
Այս երկխոսությունը տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի ներկայացմամբ՝ ՀՀ-ն մինչ այժմ կնքել է միջպետական 49 համաձայնագիր: Առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: