Արգանդի միոմա՝ երբ է պետք անհանգստանալ

Արգանդի միոմա ախտորոշումը կնոջ մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եվ կինը երբեն սարսափով փորփրում է համացանցը՝ հավաստիանալու՝ արդյոք այս հիվանդությունը սպառնալիք է իր կյանքին, թե բարդությունների կանխումը կարող է վերադարձնել կյանքի որակը: Միոմաների առաջացման, ռիսկերի ու բուժման հնարավորությունների մասին ենք զրուցել մանկաբարձ–գինեկոլոգ Արման Զոփունյանի հետ:

–Բժիշկ Զոփունյան, արդյո՞ք միոման տարեց կանանց խնդիրն է, թե այն սպառնում է նաև երիտասարդներին ու վերարտադրողական տարիքի կանանց

– Արգանդի միոմաները արգանդի մկանային հյուսվածքի ոչ քաղցկեղածին` բարորակ, նորագոյացություններ են: Միոմաները կարող են տատանվել իրենց քանակով և չափով` եզակի հանգույցներից մինչև բազմաթիվ, շատ փոքր չափերից մինչև հսկա հանգույցներ:

Միոմաներ հանդիպում են կանանց 60-80%-ի մոտ, մինչև 45-50 տարեկան հասակը: Միոմաների բժշկական տերմինն է լեյոմիոմա կամ միոմա:

-Ի՞նչպես և ի՞նչ ախտանիշներով է արտահայտվում միոման:

Արգանդի միոման մոտ 60 % դեպքերում ընթանում է անախտանիշ:

Բայց կանայք նաև նշում են դաշտանային ցիկլի խանգարում: Սպաստիկ ցավերը՝ թեթևից մինչև ուժեղ, առատ արյունահոսություն, երբեմն մակարդուկներով, երկարատև կամ հաճախակի սկսվող դաշտանները, միջդաշտանային ջրաարյունային արտադրությունը կամ արյունահոսությունները, ցավը կամ հարակից օրգանների ճնշման զգացողությունը հենց միոմաների մասին կարող են վկայել:

Կարող են կանայք գանգատվել նաև կոնքի, գոտկային հատվածի ցավից, միզապարկի և ուղիղ աղու ճնշումից, հաճախակի միզարձակումներից, ինչպես նաև՝ փորկապություններ և ռեկտալ ցավեր ունենալ:

Շատ մեծ միոմաների դեպքում դրանք կարող են գրավել ամբողջ որովայնը:

–Հնարավո՞ր է իմանալ միոմաների առաջացման պատճառը:

-Միոմաների առաջացման իրական պատճառը մինչև այժմ վերջնականապես պարզ չէ: Նրանց աճը կապում են կանացի հորմոնների` էստրոգենի ու պրոգեստերոնի հետ: Ըստ հետազոտությունների՝ այն կանայք, որոնց մոտ դաշտանային ցիկլը սկսել է ավելի վաղ տարիքում, ավելի հաճախ են հանդիպում միոմաներ: Չնայած այն հանգամանքին, որ կանացի հորմոնները կապում են միոմաների առաջացման հետ, հակաբեղմնավորիչ հաբերը այդ առումով ոչ մի դեր չունեն:

–Ի՞նչ պետք է իմանալ միոմաների առանձնահատկությունների մասին:

-Միոմաները լինում են տարբեր տեղակայման.
-Ներպատային միոմաներ. ամենահաճախ հանդիպողներն են, աճում են արգանդի պատի մեջ:
–Ենթաշճային միոմաներ. աճում են արգանդի պատից դեպի դուրս:

Այս միոմաները կարող են հասնել բավական մեծ չափերի, կարող են առաջացնել ցավ` իրենց չափերի պատճառով կամ, հարակից օրգաններին սեղմելով, բերել նրանց ֆունկցիայի մասամբ կամ լիովին խանգարման:
–Ենթալորձային միոմաներ. աճում են անմիջապես արգանդի լորձաթաղանթի տակ և կարող են զբաղեցնել արգանդի խոռոչը՝ դառնալով առատ դաշտանների և այլ բարդությունների, երբեմն նույնիսկ անպտղության պատճառ:
–Պեդունկուլյար միոմաներ, աճում են փոքրիկ ոտիկի վրա` արգանդի խոռոչում կամ արգանդից դուրս:

Չի բացառվում ունենալ նաև միաժամանակ մի քանի տեղակայման միոմաներ:

–Ովքե՞ր են միոմաների առաջացման տեսանկյունից ռիսկի խմբում:

-Միոմաներ ավելի հաճախ առաջանում են 30-40 տարիքային խմբում: Ռիսկի խմբին են պատկանում մինչ 30 տարեկան հղիության բացակայությամբ, չկերակրող կանայք: Ընտանիքի որևէ անդամի մոտ միոմայի առկայությունը խոսում է ռիսկի խմբի մասին: Հավելյալ քաշը և ճարպակալումը, ինչպես նաև բարձր արյան ճնշումը կարող են բարձրացնել միոմայի առաջացման ռիսկը:

–Միոմայի պարագայում կարելի է խոսել անպտղության մասին: Թե միոմայի առկայությունը չի խանգարի հղիությանը:

-Ենթաշճային միոմաները սովորաբար չեն առաջացնում անպտղություն կամ հղիության ընթացքի խախտումներ: Միոմայով միայն որոշ կանայք են ունենում հղիության հետ կապված բարդություններ և ռիսկեր ծննդաբերության ժամանակ: Միոմայի պատճառով պտուղը կարող է ունենալ ոչ նորմալ դիրք, որը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության:

Խանգարելով արգանդի կրճատմանը՝ կարող են առաջացնել հետծննդյան առատ արյունահոսություններ, ինչը կարող է վիրահատության անհրաժեշտություն առաջացնել: Որոշ դեպքերում միոմաները կարող են փակել արգանդափողի ելանցքը: Ներքին միոմաները կարող են առաջացնել պտղաձվի ինպլանտացիայի` ներդրման, դժվարություններ, հղիության ընթացքում արգանդ-ընկերքային սնուցման խանգարումներ, ընկերքի ոչ ճիշտ տեղակայում:

-Ի՞նչպես է ախտորոշվում միոման:

-Գինեկոլոգիական զննությամբ՝ բիմանուալ զննություն, որի ժամանակ բժիշկը կարող է միոմաները շոշափել: Գերձայնային հետազոտությունը, որը պարտադիր է, ցույց կտա միոմաների չափերը և տեղակայումը: Արգանդի և որովայնի խոռոչը վիզուալիզացնող այլ քննություններ ևս կարող են անհրաժեշտ լինել:

–Հնարավո՞ր է միոմայի բուժումը դեղորայքի միջոցով:

-Ըստ ժամանակակից մոտեցումների տարբերակներն են՝ հոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի ագոնիստ կոչվող դեղերը, որոնք պակասեցնում են միոմայի ախտանիշները՝ առաջացնելով մենոպաուզա, դաշտանային ցիկլի դադարեցման և միոմաների կրճատման`փոքրացման հաշվին:

Այս մեթոդը կարող է օգտագործվել նախավիրահատական շրջանում` միոմաները փոքրացնելու նպատակով: Ներարգանդային հորմոնալ պարույրը, որը նույնպես բերում է դարձելի մենոպաուզաի: Սակայն այս բոլոր մեթոդները կարող են լինել նպատակահարմար երբ միոմաների չափերը չեն գերազանցում 1.5 սմ:

–Որո՞նք են վիրահատական մոտեցումները, ե՞րբ են կիրառվում:

-Մոտեցումները տարբեր են: Քննարկենք մի քանիսը.

Կոնսերվատիվ միոմէկտոմիա` սա օրգանպահպանողական վիրահատություն է, որի ընթացքում հեռացվում է միայն միոման՝ պահպանելով արգանդը: Դա բուժման տարբերակ է այն կանանց համար, որոնք պլանավորում են հղիություն: Իհարկե, վերոհիշյալ վիրահատությունից հետո հղությունն ավելի մեծ ուշադրություն է պահանջում և կարող է հանդիսանալ կեսարյան հատման հարաբերական ցուցում:

Հիստերէկտոմիա` այս վիրահատության դեպքում արգանդն ամբողջուրյամբ է հեռացվում՝ միոմայի հետ միասին: Իհարկե, վիրահատության այս տարբերակը համարվում է ռադիկալ, ընտրվում է՝ ելնելով կնոջ տարիքից, միոմաների քանակից, չափերից և տեղակայումից:

Արգանդային արտերիաների էմբոլիզացիա. միոման սնուցող անոթի սնուցման դադարեցում, որից փոքրանում են նրա չափերը:

–Հնարավո՞ր է կանխել միոմայի առաջացումը:

-Միոմայի կանխարգելման հարցում կարևոր է բավարար ուշադրություն դարձնել վերոհիշյալ ախտանիշների նկատմամբ: Կինը պետք է անցնի ԳՁ հետազոտություն առնվազն տարին մեկ անգամ՝ ռեպրոդուկտիվ տարիքում, քանի որ ցանկացամ մեծ միոմա ինչ-որ ժամանակ առաջ սկիզբ է առել 1.5 -3.0 սմ չափերից:

(Visited 4 157 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх