«Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա»,- անկեղծացել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան Սոս Սարգսյանն, ով 2013-ի հենց այս օրը կյանքից հեռացավ:
Ծնվել է 1929-ի հոկտեմբերի 24-ին` Ստեփանավան քաղաքում։
Տեղափոխվելով Երևան աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
1954-1991-ին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը, որն էլ անվանվել է Սոս Սարգսյանի անունով:
«Մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակություն չունի, թե ում ինչ պաշտոն տվեցին. լրիվ ուրիշ կյանք է այնտեղ:
Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սոս Սարգսյանը:
«Մեր վերջին խոսակցությունը մահվանից մեկ ժամ առաջ եղել է թատրոնի շենքի մասին»,- անկեղծացավ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն: