Լյարդի ախտահարումները խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա, սակայն մարդիկ հազվադեպ են դրանք ժամանակին նկատում, քանի որ նման խնդիրները կարող են դրսևորվել բավական արտասովոր ախտանշաններով, որոնք դժվար է ասոցացնել լյարդի հետ: Health and Human պարբերականը ներկայացրել է մի քանի ատիպիկ ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել լյարդի աշխատանքի խանգարմամբ:
Մրսածության ախտանշաններ
Եթե լյարդի վնասվածքները պայմանավորված են հիվանդություններով, ապա հիվանդի մոտ կարող են նկատվել մրսածության ախտանշաններ: Նման դեպքերում ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսին են թուլությունը, ուժերի կորուստն ու բարձր ջերմությունը: Լյարդի խնդիրները շնչառական համակարգի սուր վարակիչ հիվանդություններից տարբերելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել նաև մյուս ախտանշաններին, այդ թվում՝ տրամադրության կտրուկ տատանումներին, կամակորություններին ու հիստերիաներին:
Քրոնիկ հոգնածություն
Վնասված լյարդը չի կարողանում օրգանիզմին ապահովել անհրաժեշտ քանակությամբ գլյուկոզայով, մինչդեռ այն հարկավոր է օրգանիզմի էներգետիկ կարիքները հոգալու համար: Այս ֆոնին կարող են նկատվել մշտական հոգնածություն ու մկանային թուլություն, որոնք բնորոշ չեն մարդուն:
Ախորժակի կորուստ
Վնասաված լյարդը չի արտադրում բավարար քանակությամբ լեղի, որն անհրաժեշտ է ճարպերի մարսման համար: Երբ մարսողական տրակտը չի մարսում սնունդն ինչպես հարկն է, այն կարող է ակտիվացնել անորեքսիայի մեխանիզմը: Սա է պատճառը, որ լյարդի խնդիրների դեպքում հիվանդի մոտ կարող է նկատվել ախորժակի անբացատրելի կորուստ և անգամ տհաճություն նախկինում սիրված ուտեստների նկատմամբ:
Մազաթափություն
Մազաթափության պատճառ կարող է դառնալ հեպատիտը՝ հատկապես, եթե այն պայմանավորված է C տիպի վիրուսով: Այն կործանարար ազդեցություն է ունենում լյարդի բջիջների վրա՝ դրանով իսկ խանգարելով ամբողջ օրգանիզմի աշխատունակությունը: Նման դեպքերում մազաթափությունից բացի կարող է նկատվել նաև եղունգների ու ատամների վիճակի վատթարացում:
Քնի ռեժիմի փոփոխություն
Լյարդի ախտահարման մասին հուշող ամենաատիպիկ ախտանշաններից է քնի ռեժիմի անբացատրելի փոփոխությունը: Նման դեպքերում հիվանդի մոտ նկատվում է օրվա ընթացքում քնելու սաստիկ ցանկություն, որը միաժամանակ ուղեկցվում է գիշերային անքնությամբ:
Քրտինքի արտասովոր հոտ
Լյարդի ու երիկամների հիվանդությունների դեպքում քրտինքի հոտը կարող է փոխվել և նմանվել խաշած կաղամբի հոտին: Սա պայմանավորված է լինում օրգանիզմի կողմից արտազատվող նյութերի կազմի փոփոխությամբ:
Բերանում մետաղական համի առկայություն
Լյարդի բջիջներն արտադրում են լեղի, որը կուտակվում է լեղապարկում և անհրաժեշտության դեպքում տեղափոխվում աղիներ: Այս փուլերից որևէ մեկի խանգարումը կարող է հանգեցնել լեղու լճացման կամ կերակրափող արտանետման, ինչն էլ հանգեցնում է բերանում նման տհաճ համի առկայության:
Դեմքին արտասովոր նորագոյացությունների առաջացում
Միլիումներն ու քսանտելազմները մաշկային նորագոյացություններ են, որոնք կարող են պայմանավորված լինել ճարպային փոխանակության խանգարումներով, քանի որ լյարդն ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին: Նման դեպքերում բուժման կոսմետոլոգիական մեթոդները միայն ժամանակավոր են ազատում խնդրից, իսկ մեկընդմիշտ դրանց մասին մոռանալու համար հարկավոր է նախ բուժել լյարդը: