Վերաթարմացնել նախկիններին պատժելու, «թալանածը» վերադարձնելով՝ հասարակական արդարության վերականգման թեման

Կառավարության երեկվա նիստն աչքի ընկավ բավական հետաքրքիր նյուանսներով:

Բացի այն, որ նիստում Փաշինյանը հիշեց իր նախընտրական խոստումները՝ 5 տարվա ընթացքում ԶՈՒ մարտունակության և սպառազինության բարձրացման համար 2,5 մլրդ դոլար ծախսելու մասին, որից 1,5 մլրդ դոլարը գոյանալու է «գողացված միջոցների վերադարձման արդյունքում»՝ մատնացույց անելով նաև այն, որ ՀՔԾ-ն իր գոյության 11 տարիրների ընթացքում միայն այս տարի 7 անգամ ավելի շատ գումար է վերադարձել պետական բյուջե, վարչապետի կողմից նախարար Ռուստամ Բադասյանին հրահանգվեց զբաղվել Մոնումենտում նախկինների կառուցած առանձնատներով:

«…Ապօրինի օտարված հողերի վրա կառուցվել են շենքեր, և հիմա գալիս, ասում են, թե այս ապօրինի շինություններն օրինականացրեք…

Պարո՛ն Բադասյան, նայե՛ք այս հարցը, եթե պետք է, մենք այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառենք և գնանք առաջ, որովհետև դա ուղղակի արհամարհանք է հանրային կարծիքի և ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ…»,-մասնավորապես՝ ասաց Փաշինյանը՝ միաժամանակ հրահանգելով այս խնդրով խորհրդակցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Չնայած «Այո»-ի ճամբարը պաշտոնապես չի հայտարարել քարոզարշավի մեկնարկի մասին, սակայն պետք է նկատել, որ քարոզարշավն, առնվազն ոչ պաշտոնապես, վաղուց է մեկնարկել, և իշխանություններն անցել են հասարակական կարծիքի մշակման գործին:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ թվով կողմ քվե ստանալը հեշտ առաջադրանք չի լինելու, քանի որ այդպես էլ ոչ ոք հստակորեն չի կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ՍԴ անդամներն ինչո՞վ են խանգարում իշխանություններին՝ կյանքի կոչելու սեփական ծրագրերը, զարգացնելու երկիրը: Իրավական հարթության մեջ իշխանական քարոզչությունը չափազանց խոցելի է, ինչն էլ ստիպում է «Այո»-ի ջատագովներին հարցն արհեստականորեն տեղափոխել քաղաքական հարթություն՝ խեղաթյուրելով խնդրի էությունը: Իսկ քաղաքական հարթության մեջ նրանց ունեցած ամենամեծ ռեսուրսը նախկինների նկատմամբ հասարակության մի հատվածի ունեցած մերժողական վերաբերմունքն է. հիմնական խաղադրույքը կատարվելու է հենց սրա վրա:

Կառավարության փետրվարի 20-ի նիստի ընթացքում Փաշինյանի խոսքում տեղ գտած վերոհիշյալ շեշտադրումները պատահական չեն: Ըստ էության՝ փորձ է արվում վերաթարմացնել նախկիններին պատժելու, «թալանածը» հետ բերելու միջոցով հասարակական արդարության վերականգման թեման՝ այն համադրելով այս հարցում իբր արձանագրված «շոշափելի արդյունքների մասին փաստող» ցուցանիշներով (ՀՔԾ-ի արձանագրած արդյունքների մասին հիշատակումը հենց այդ խնդիրն է լուծում):

Այս իմաստով իշխանությունների համար կարևոր ռեսուրս կարող է դիտարկվել հատկապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական պրոցեսը (առաջին դատական նիստը կայանալու է փետրվարի 25-ին), որը կփորձեն համապատասխան ուղղությամբ քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել՝ այն, կոպիտ ասած, վաճառելով հասարակության ոչ այնքան խորաթափանց հատվածի վրա որպես «ապացույց» գալիք «լավ օրերի»:

Այնպես որ, կարելի է ենթադրել, որ առաջիկայում «սևերի» ուղղությամբ տարվող աշխատանքներն էլ ավելի կակտիվանան՝ հասարակության վրա տպավորություն թողնելու, անկում ապրած իշխանական վարկանիշն ինչ-որ կերպ բարձրացնելու:

Բյուջեի վրա 3 մլրդ 447 մլն դրամ արժենալիք հանրաքվեի քաղաքական արժեքն իշխանությունների համար, իհարկե, անչափ մեծ է, ինչն ակնհայտորեն մեծացնում է նաև վարչական լծակների չարաշահման ռիսկը: Սակայն քանի որ դրանց անխնա չարաշահումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել և հակառակ արդունք տալ, իշխանություններին այլ ելք չի մնում, քան մարդկանց միամտությանն ապավինելը:

Մինչև ապրիլի 5-ն, անկասկած, իշխանությունները դեռ կհասցնեն աչքի ընկնել պոպուլիստական քայլերով ու նախաձեռնություններով՝ փորձելով ինչ-որ կերպ վերակենդանացնել երբեմնի էյֆորիկ տրամադրությունները, սակայն խիստ ցածր է հավանականությունը, որ նրանց դա իսկապես կհաջողվի:

Միևնույն ժամանակ մեծագույն խնդիր է լինելու ոչ միայն կոնկրետ 650000 քվե ստանալը, այլ ՍԴ հարցի վերաբերյալ որևիցե հետարքրություն ներշնչելը (հենց այդքան մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի): Ահա այդ պատճառով է, որ 7 հոգու աշխատել-չաշխատելու հարցը փորձ է արվում անբնականորեն ուռճացնել, դարձնել, այսպես ասած, «Հայոց հարց»:

Մյուս կողմից՝ նախկին իշխանություններին անխնա քննադատության ենթարկելն ու նրանց բոլոր հնարավոր մեղքերի կամ թալանի մեջ մեղադրելու մոլուցքն ինքնաբերաբար առաջ է բերում կարևոր հարցադրում՝ այս անգամ արդեն ուղղված «նոր Հայաստանի» տիրոջը․ արդյոք ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, իր նախորդ կյանքում մաքրամաքուր կենցաղո՞վ է ապրել ու արարել, ո՞վ է, օրինակ, ստուգելու նրա խմբագրային անցյալը, ինչպե՞ս կարող են մարդիկ համոզված լինել, որ Փաշինյանին պատկանող հայտնի լրատվամիջոցը տարիներ ի վեր ոչ մի խախտում թույլ չի տվել, այն խմբագրողները երբեք չեն կաշառվել, չեն տրվել «ձախ եկամտի» կամ իրական եկամուտները կոծկելու գայթակղությանը:

Եթե հայտարարվում է, որ նախահեղափոխական Հայաստանում պրակտիկորեն բոլորը ներգրավված են եղել կոռուպցիայի ու կեղծիքի մեջ, ապա կարելի է առնվազն կասկածել, որ այդ կոռուպցիայից ու ամենաթողությունից անմասն չի եղել նաև հետհեղափոխական Հայաստանի ամենատեղեկացված լրատվամիջոցն ու դրա խմբագիրը: Թե՞ «նոր Հայստանում» հարցեր կարող է տալ կամ կասկածել միայն մեկը…

Իշխանություններն ակնհյատորեն որոշել են վա-բանկ գնալ՝ սեղանին դնելով սեփական քաղաքական ապագայի հարցը, քանի որ մեծ է հավանականությունը, որ հանրաքվեի տապալման կամ ոչ իշխանահաճո արդյունքի արձանագրման պատճառով երկրում կարող է լրջագույն քաղաքական ճգնաժամ հասունանալ, ինչը ոչ մի պարագայում չի նպաստելու ներկայիս իշխանությունների հավերժացմանը:

(Visited 23 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх