Երիկամներն օրգանական զտիչ են օրգանիզմի համար, քանի որ մաքրում են այն մանրէներից, տոքսիններից, շլակներից ու վարակներից:
Այս օրգանները մասնակցում են մի շարք կարևոր գործընթացներին, ուստի դրանց գործառույթների ցանկացած խանգարումը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա:
Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում իրենց սովորություններին, մինչդեռ դրանց թվում կան բավական տարածվածները, որոնք կարող են կործանարար լինել օրգանիզմի համար:
Ծխախոտի ու ալկոհոլի գործածություն
Երիկամների համար ամենավնասակար սովորություններից է ծխոխոտի և ալկոհոլի գործածությունը, ուստի այս օրգանների առողջությունը պահպանելու համար մասնագետները հորդորում են հրաժարվել այս սովորություններից:
Քնի պակաս ու կոֆեինի գործածություն
Կոֆեինի չարաշահումն ու քնի պակասը նույնպես խիստ բացասաբար են անդրադառնում երիկամների վրա:
Բանն այն է, որ քնած ժամանակ օրգանիզմը վերականգնում է երիկամների հյուսվածքները, մինչդեռ քնի պակասը թույլ չի տալիս ինչպես հարկն է իրականացնել այս գործընթացը: Ի վերջո սա հանգեցնում է օրգանի աշխատանքի խանգարման:
Ինչ վերաբերվում է կոֆեինին, ապա այն նույնպես հանգեցնում է քնի խանգարման, ինչը բացասաբար է անդրադառնում երիկամների վրա: Բացի այդ, սուրճն օժտված է միզամուղ հատկություններով, ինչը ջրազրկում է օրգանիզմն ու ծանրաբեռնում երիկամները:
Նստակյաց կենսակերպ
Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է երիկամների համար, քանի որ նստակյաց կենսակերպի հետևանքով երիկամներում լճացումներ են լինում, ինչը հանգեցնում է քարերի առաջացման: Նման լճացումներից խուսափելու համար հարկավոր է լինել ֆիզիկապես ավելի ակտիվ: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր ժամը մեկ հարկավոր է թեթև մարմնամարզություն անել, իսկ շաբաթական երեք անգամ հաճախել մարզասրահ: Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել նաև հաճախակի զբոսանքը:
Սխալ սննդակարգ
Սխալ սննդակարգը նույնպես կործանարար է երիկամների համար: Օրգանիզմի համար շատ կարևոր է հանքանյութերով ու վիտամիններով հարուստ սննդակարգը: Ամենօրյա սննդակարգում պետք է առկա լինի առնվազն 1,3 մգ վիտամին В6, որի ամենահարուստ աղբյուրներն են ձուկը, թռչնամիսը, կարտոֆիլն ու մրգերը (ցիտրուսային մրգերից բացի):
Միզազատությունը զսպելու սովորություն
Հաճախ մարդիկ այս կամ այն պատճառով երկար ժամանակ զսպում են միզարձակությունը, ինչը սակայն շատ վատ սովորություն է և խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների վրա: Այս սովորությունը կարող է դառնալ երիկամային անբավարարության պատճառ, ուստի հարկավոր է խուսափել դրանից:
Մեծ քանակությամբ նատրիումի գործածություն
Օրգանիզմում նատրիումի ավելցուկը նույնպես հանգեցնում է երիկամների աշխատանքի խանգարաման: Նատրիումի հիմնական աղբյուրը կերակրի աղն է, որի չարաշահումը դառնում է աղի և ջրի փոխանակության խանգարման, ուստի երիկամների հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել աղը:
Սպիտակուցների չարաշահում
Սպիտակուցները չեն կուտակվում օրգանիզմում և ավելորդ սպիտակուցային միացություններն ու տարրալուծման արգասիքները մեծացնում են երիկամների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Երիկամները ոչ միշտ են հաղթահարում նման ծանրաբեռնվածությունը, ուստի օրգանիզմից դուրս չբերված տարրերը կուտակվում են նստվածքի տեսքով և վերածվում քարերի:
Հեղուկի դեֆիցիտ
Ջուրն օգնում է երիկամներին ճիշտ աշխատել, մինչդեռ հեղուկի պակասը խիստ բացասաբար է անդրադառնում դրանց առողջության վրա: Մասնագետները հորդորում են օրական բավարար քանակությամբ ջուր խմել, իսկ այդ քանակությունը որոշվում է ըստ մարդու քաշի (30 մլ ջուր մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց):