Ոսպը օգտակար է, բայց ունի նաեւ հակացուցումներ….

Ոսպը շատ օգտակար է եւ խորհուրդ է տրվում տարեկան օգտագործել 2-3 կիլոգրամ, բայց ոչ ավելի հաճախ, քան շաբաթը 2 անգամ: Այն հարուստ է սպիտակուցներով՝ 25-35 տոկոս, որի պարունակությունը մանրասերմերի վրա ավելի բարձր է:

Պարունակում է նաեւ պղինձ, ցինկ, կալիում, ֆոսֆոր եւ այլ միկրոտարրեր, օսլա, ճարպ, օմեգա 3, 6, ինչպես նաեւ B խմբի գրեթե բոլոր վիտամինները, վիտամիններ PP, A, ճարպայուղեր:

Հայտնի է, որ ցինկը եւ ֆոսֆորը օգտակար են տղամարդկանց, հատկապես, եթե ոսպը պատրաստված է սոխով եւ լոլիկի մածուկով կամ նեխուրով: Մեկ բաժին պատրաստված ոսպը պարունակում է մեկ օրաբաժնի համար 90 տոկոս պարունակությամբ ֆոլաթթու:

Բժշկության մեջ օգտագործվում են հիմնականում ոսպի սերմերը: Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են կերակրափողի խոցերի, հազի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, բարորակ եւ չարորակ ուռուցքների, մարսողական ուղու բորբոքումների, լույծի բուժման համար:

Օրգանիզմը բավարար քանակի արժեքավոր ամինաթթուներով հագեցած սպիտակուց եւ նվազ քանակով ճարպեր կստանա, եթե մսի կոտլետի մեջ ավելացնեք նաեւ ոսպ:

Խորհուրդ չի տրվում ուտել հացի, կարտոֆիլի, ընկույզի հետ: Ոսպը, ըստ դիետոլոգների տարբեր ուսումնասիրությունների, մտնում է այն մթերքների ցանկի մեջ, որոնք օգնում են մարդուն խուսափելու դեպրեսիաներից, սթրեսներից եւ նպաստում են երկարակեցությանը:

Այդ մթերքների մեջ, բացի ոսպից, մտնում են նաեւ ցորենի հացը, բրինձը, կարմիր լոբին, կարմիր կծու պղպեղը, սխտորը, կիտրոնը, ավոկադոյի եւ սառը զտման ձիթապտղի յուղերը, կաթնաշոռը՝ մեղրի հետ, մածունը եւ այլն: Edaplus.info-ն գրում է, որ ոսպով շիլան խթանում է նյութափոխանակությունը, բարձրացնում է դիմադրողականությունը եւ կարգավորում է միզասեռական համակարգը:

Այն հրաշալի աղբյուր է տրիպտոֆան ամինաթթվի, որը մարդու օրգանիզմում ստացվում է սերոտոնին: Այն պատկանում է մարդու օրգանիզմի կենսաբանական ակտիվ նյութերի թվին, արտադրվում է գլխուղեղի կողմից եւ հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։

Այն արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաեւ՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու եւ այլ ձգտումները։

Կանանց մոտ սերոտոնինն ավելի քիչ է արտադրվում, քան՝ տղամարդկանց։ Այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի պասիվ են եւ ավելի քիչ ինքնավստահ։ Եվ հենց նույն պատճառով էլ կանայք ավելի հաճախ են տագնապում, տխրում, միայնակության զգացում ապրում, տանջվում մեղքի զգացողությունից եւ այլն։

Նույն պատճառով էլ աշնանային սեզոնային փոփոխությունների ազդեցությանն ավելի հակված են կանայք։ Ոսպի որոշ տեսակներ, օրինակ՝ կանաչավուն ափսեանման ոսպը, օրը 2 անգամ խորհուրդ է տրվում օգտագործել դիաբետիկներին` արյան մեջ շաքարը իջեցնելու համար:

Հնում մարդիկ համոզված էին, որ ոսպը օգնում է նյարդային խանգարումները բուժելիս: Ոսպը, որքան էլ որ օգտակար է, ունի նաեւ հակացուցումներ:

Չի կարելի այն օգտագործել հոդատապի` պոդագրայի ժամանակ, երիկամների միզաթթվային դիաթեզի, միզասեռական համակարգի հիվանդությունների ժամանակ: Ինչպես նաեւ ցանկալի չէ օգտագործել աղեստամոքսային տրակտի, ենթաստամոքսային գեղձի, սրտանոթային համակարգի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում: Ուստի, եթե որեւէ հիվանդություն ունեք, ցանկալի է սննդակարգի ընտրության հարցում խորհրդակցել բժշկի հետ:

(Visited 1 141 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх