Երեխայի սննդակարգը շատ կարևոր դեր է խաղում նրա առողջության պահպանման հարցում, ուստի Parents կայքը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք համարվում են փոքրիկների առողջության համար ամենից օգտակարները:
Մասնագետների ներկայացրած ցանկում առաջինը ցիտրուսային մրգերն են, որոնցից ամենաօգտակարներն են կիտրոնը, թուրինջը, նարինջն ու մանդարինը: Այս մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը բարձրացնում է լեյկոցիտների մակարդակը՝ դրանով իսկ պաշտպանելով օրգանիզմն ախտածին վիրուսներից ու բակտերիաներից:
Ավելին՝ ասկորբինաթթուն հարկավոր է կալցիումի և երկաթի լավ յուրացման համար, ուստի այն շատ կարևոր է աճող օրգանիզմի համար:
Երեխաների համար շատ օգտակար է նաև կարմիր պղպեղը: Այն բետա-կարոտինի հարուստ աղբյուր է, որն օգնում է ամրապնդել իմունային համակարգն ու կանխել մաշկի հիվանդությունները, որոնք առաջանում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների, այդ թվում նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով:
Բացի այդ, այս նյութը շատ կարևոր նշանակություն ունի նաև աչքերի առողջության համար:
Փորձագետների կարծիքով՝ երեխաների առողջության համար շատ օգտակար է նաև հավի միսը, ուստի այն նույնպես պետք է ներառվի սննդակարգում:
Սա պայմանավորված է նրանով, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B6, որը մասնակցում է էրիթրոցիտների՝ օրգանիզմի բջիջները թթվածնով հագեցնող բջիջների ստեղծման գործընթացին:
Այս ցանկում է հայտնվել նաև սխտորը, որը հարուստ է ծծումբ պարունակող միացություններով, ինչի շնորհիվ էլ օգնում է պաշտպանել օրգանիզմը մրսածությունից, գրիպից և շնչառական համակարգի սուր վարակիչ այլ հիվանդություններից:
Երեխաների առողջության համար շատ օգտակար է նաև բրոկոլին:
Կաղամբի այս տեսակը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հակաօքսիդանտներ ու սննդային մարաթելեր, որոնք շատ կարևոր դեր են խաղում օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի բարելավման գործում:
Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև ընկույզների մասին, քանի որ դրանք բարելավում են մարսողական տրակտի աշխատանքը:
Ընկույզները հարուստ են վիտամին E-ով, որի դեֆիցիտն օրգանիզմում կարող է հանգեցնել նյութափոխանակության գործընթացների ու իմունային համակարգի հետ կապված խնդիրների, ուստի երեխայի սննդակարգում հարկավոր է անպայման ընկուզեղեն ներառել: