Գարնանն ընդառաջ մարդիկ արդեն սկսում են անհանգստանալ ալերգիաների սրման համար, քանի որ տարվա այս եղանակը շատերի մոտ ասոցացվում է բավական տհաճ սեզոնային ալերգիաների հետ: Այս խնդրի դեպքում սովորաբար օգնության են հասնում հակահիստամինային դեղամիջոցները, սակայն ալերգիաներից կարելի է պաշտպանվել նաև որոշ փորձված բնական միջոցներով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնք կօգնեն կանխել ալերգիկ ռեակցիաների առաջացումը կամ մեղմել դրանց տհաճ դրսևորումները:
Համեմունքների կիրառում
Կայենյան պղպեղը, կոճապղպեղը, սոխն ու սխտորն օժտված են լորձը տարրալուծելու հատկություններով, ուստի գարնանը դրանց կիրառումը կարող է անփոխարինելի զենք դառնալ ալերգիաների դեմ պայքարում:
Նվենու (էվկալիպտ) եթերայուղ
Այս յուղը նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու մեղմում ալերգիաների ախտանշանները: Կարելի է նվենու եթերայուղով ինհալացիաներ անել կամ տարածել դրա բույրը սենյակում հատուկ սարքերի միջոցով: Սա շատ արդյունավետ հնարք է շնչառական համակարգի տարատեսակ խնդիրների դեպքում:
Քթի խոռոչների լվացում
Գոյություն ունեն հատուկ իրիգատորներ, որոնց օգնությամբ կարելի է աղաջրով քթի խոռոչների լվացումներ անել: Նման սարքերը վաճառվում են դեղատներում և կարող են շատ օգտակար լինել քթի փակվածությամբ դրսևորվող սեզոնային ալերգիաներով հիվանդների համար:
Խնձորի քացախ
Գարնանային ալերգիաները հաճախ են դրսևորվում հարբուխի ախտանշաններով, իսկ դրանք մեղմելու հարցում շատ արդյունավետ կարող է լինել խնձորի քացախը: Այն տարրալուծում լորձն ու մաքրում է քթի խոռոչները: Սակայն հարկ է հիշել, որ քացախը հարկավոր է նոսրացնել ջրով լորձաթաղանթի վնասվածքներից խուսափելու համար:
Ինհալացիաներ
Տաք ջրի գոլորշիով ինհալացիաներն ամենապարզ ու փորձված միջոցներից են: Այս պրոցեդուրաներն օգնում են հեշտությամբ ազատվել քթի փակվածությունից: Ալերգիայի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է տաք ջուրը լցնել խորը տարայի մեջ, ծածկել գլուխը սրբիչով և խորը շնչել բարձրացող գոլորշին: