Մաղադանոսը հնագույն ժամանակներից հայտնի կանաչի է: Այն օգտագործում էին և բժշկության մեջ, և որպես համեմունք։ Լայն տարածում մաղադանոսը գտավ իր բաղադրության մեջ առկա հարուստ վիտամինների և հանքանյութերի շնորհիվ։ Մաղադանոսի ամենահայտնի և էականում օգտակար հատկություններից է թարմ շնչառություն ապահովելու և պահպանելու, ինչպես նաև ախորժակը գրգռելու հատկությունը։ Իրականում այս կանաչին ընդունակ է շատ ավելիին։
Առավել հայտնի են մաղադանոսի հետևյալ առողջարար հատկությունները: Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։ Բանն այն է, մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչը։
Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային նորագոյացությունների ձևավորվելուց ու զարգանալուց։ Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից՝ դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։
Մաղադանոսը նպաստում է օրգանիզմում կուտակված թույների դուրսբերմանը և, ամենակարևորը, պաշտպանում է երիկամները քարերի գոյացությունից։
Մաղադանոսը հրաշալի հակաօքսիդանտ է, որը մարմնի բջիջները պաշտպանում է ծերացումից։ Այն օգտակար է նաև մաշկի առողջության համար, քանի որ այս բույսն օժտված է հակաբակտերիալ և հակաբորբոքային գործողություններով։ Մաղադանոսը լուրջ օգնական է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն մաշկի պիգմենտային բծերի հետ։ Եվ վերջապես, այս խոտաբույսը մեր օրգանիզմին մատակարարում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը և ծծումբը, ինչպես նաև C վիտամինը և բետա-կարոտինը։ Այս նյութերը շատ կարևոր են մարդու իմունային համակարգի համար։
Մաղադանոսը կանխում է մի շարք հիվանդություններ, որոնց թվում է սակավարյունությունը (անեմիա)։ Այն կանխում է միզապարկի ինֆեկցիաները և թեթևացնում է դրա սիմպտոմները, օգնում է մարսողությանը, նպաստում երիկամների առողջությանը և ազատում բերանի տհաճ հոտից, օգտակար է արթրիտի բուժման ժամանակ, մաքրում է արյունը և հիանալի միզամուղ է։
Մաղադանոսը հարկավոր է օգտագործել թարմ վիճակում, քանի որ սառեցված և չորացրած վիճակում այն կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը։ Կարելի է պարզապես ուտել մաղադանոս կամ պատրաստել թուրմ։
Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 ճ/գ թարմ մաղադանոսի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, թողնել՝ թրմվի որոշ ժամանակ, քամել և խմել օրական 2 անգամ։
Եթե դուք կոկտեյլների կամ սմուզիների սիրահար եք, ապա կարող եք ձեր նախընտրած բաղադրատոմսերի մեջ ավելացնել մաղադանոս։ Բացի դրանից, թարմ մաղադանոս կարելի ավելացնել նաև ամենօրյա ճաշատեսակների մեջ։