ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև իր գործունեության արդարացում. Հրանտ Բագրատյան

ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև իր գործունեության արդարացում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև իր գործունեության արդարացում։

Սույն և հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցօր խորացող կեղծիքներն ու խաբեությունները»,- գրել է Բագրատյանը և հավելել, որ այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին:

«ՀԲ-ի տվյալներից հետևում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը։

Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։

ԱՊՀ վիճակագրության մեկ այլ աղբյուր ևս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն և Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։ Այսպես, 1990թ նշված ցուցանիշով ՀՀ-ն և Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասխանաբար 76.7 և 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի»,- մանրամասնել է Բագրատյանը և նշել, որ 1990-ին Հայաստանը և Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։

«2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ և Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ և առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։ Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4.200$, Վրաստանում՝ 4.717$, իսկ Ադրբեջանում 4.721$։ Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար 10.343, 12.004 և 18.044$»,- գրել է տնտեսագետը և հռետորական հարց հղել՝ «բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան. չ՞է որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք»։

Բագրատյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև ՀՀ ժողովրդագրական պատկերին՝ տարածաշրջանի համատեքստում և նշել, որ 2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2.951 հազ. մարդ և 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։

«Վրաստանի բնակչությունը դարձել է 3.731 հազ. մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադրբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ և հասել է 9.942 հազ. մարդու։

Այսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 և 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։

ՌԴ և այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է.

Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում»,- ընդգծել է նա և հարց բարձրացրել՝ «նման աղավաղումները ի՞նչպես են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում»:

«Այսպես, ըստ այդ բազայի 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի և Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 և 8.5 մլրդ դոլարի դիմաց)։

Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։
Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։ Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ «նոր հաշվարկի» 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ և Վրաստանինը՝ 1615$։

Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադրբեջանից՝ 2 անգամ։

Երևի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երևան առևտուր անելու»,- գրել է Բագրատյանը և հավելել, որ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը և շանս տալիս օրվա իշխանությունների գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով և ապա ծածուկ իջեցնում բազային թվերը։

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх