«Հիվանդացության նոր դեպքեր չունենք, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է եղել:
Եվս 9 թեստերի պատասխանների սպասում ենք, դրանք հայտնի լինելուն պես կտեղեկացնենք:
Հույս ունենք, որ դրանք չեն հաստատվի, բայց եթե հաստատվեն, խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է:
Ապոկալիպտիկ եզրակացություններ չպետք է անել:
Ունենք հիվանդ, որ դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այդքան էլ հիվանդ չէ».
մարտի 2-ին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ամփոփմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ինքնազգացողության խնդիրներ չունի նաև հյուրանոցի անձնակազմը: Ըստ նրա՝ վերջին օրերին ահազանգերի թիվը շատացել է, սակայն ոչ մեկը չի հաստատվել:
Վարչապետը տեղեկացրեց, որ որոշվել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով, իսկ հնգօրյա ժամկետում կվերականգնվի Իրանի հետ վիզային ռեժիմի գործընթացը:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները դեպի Իտալիա և Թուրքիա:
Թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունը չի փակվում, Ն. Փաշինյանը նշեց, որ տվյալ պահին գնահատել են ամենառիսկային ուղղությունները: