«Եթե տիկին Թանդիլյանը ծրարով փող ստանար, պետք է ձեզնից ստանար». Մարուքյանը՝ Փաշինյանին

Պարոն վարչապետ, դուք բազմիցս նշել եք, որ նախկին կառավարության օրոք նախարարները ծրարներով աշխատավարձ են ստացել. հիմա ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, օրինակ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարներով փող ստացել է թե ոչ:

Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Եթե ինքը չի ստացել, կարո՞ղ է ինքը տեսել է, թե ով է ստացել, կամ ունի տեղեկություն, թե ովքեր են ստացել»,-ասաց նա՝ ըստ էության, կրկնելով իր կուսակից Մանե Թանդիլյանի հարցը:

Ի պատասխան Փաշինյանն ասաց.

«Այնպես չի, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած մարդկանց շրջանակի մասին: Այդպիսի տեղեկություններ կան նաեւ նախկին նախարարների մասին, որոնք այսօր ԱԺ պատգամավոր են: Ես այդ մարդկանց էլ չեմ կանչել ու հարցրել՝ դա ճիշտ է, թե ոչ:

Որովհետեւ կան իրավապահ մարմիններ: Հիմա ես այս ամբիոնից ասե՞մ՝ էդ ինչ օպերատիվ տեղեկություն է, ում մասին է եւ ինչ կարգի վճարման մասին է խոսքը: Որքանո՞վ դա ճիշտ կլինի»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա շատ է խոսվում, որ կառավարությունը պետք է լինի թափանցիկ. «Կառավարությունն էլ ասում է, որ մենք կլինենք 100 տոկոս թափանցիկ, բայց լրատվամիջոցներն էլ պետք է լինեն թափանցիկ, ՀԿ-ներն էլ պետք է լինեն թափանցիկ:

Ասում են՝ էդ ո՞նցդ: Հենց տենց: Իսկ ո՞վ ասաց, որ այդ հարցը պետք է վերաբերվի միայն նրանց, որոնք հեղափոխությունից առաջ են եղել կառավարության անդամ:

Դա վերաբերում է նաեւ նրանց, որոնք հեղափոխությունից հետո են եղել կառավարության անդամ, ու հիմա կառավարության անդամ չեն: Իրենց էլ է վերաբերում, իրենց մասին էլ օպերատիվ բնույթի տեղեկություններ կան»:

Էդմոն Մարուքյանը համաձայնեց, որ կառավարությունը, ընդդիմությունը կուսակցությունները, ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ.

«Բայց հարցն այ է, որ եթե տիկին Թանդիլյանը ծրարով փող ստանար, պետք է ձեզնից ստանար: Եթե նախկին իշխանության նախարարները ծրարով փող ստանային, պետք է Սերժ Սարգսյանից ստանային»,-ասաց նա:

Վարչապետն էլ արձագանքեց. «Իսկ ով ասաց, որ ես պետք է տայի էդ փողը«»: Նա կոչ արեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին այդ ծրարով փող ստանալու մասին հարցը տալ հենց այն նախարարներին, որոնք նախկինում աշխատել են.
«Որովհետեւ եթե ես հիմա ասեմ՝ այո, ես իրենց հարցրել եմ, ասելու եք՝ բա ի՞նչ ասեց: Հարգելի ԼՀԿ-ի ներկայացուցիչներ, հարց տվեք այդ նախարարներին, ինձնից ի՞նչ եք ուզում»:

(Visited 114 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх