Կորոնավիրուս. Ինչպիսի՞ն է վիճակը 80 երկրներում, որտեղ այս վիրուսը թափանցել է

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել արդեն աշխարհի 80 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Ինչպիսի՞ն է վիճակը այս երկրներում:

Համաճարակը սկսվելուց ի վեր վարակման եւ մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Չինաստանում. վարակման 80 270 (վերջին մեկ օրում 119 նոր դեպք) եւ 2981 մահվան դեպք: Առողջացել է 49 884 պացիենտ, 6416-ը հիմա ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Հիվանդացությամբ երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ արդեն գրանցվել է վարակման 5328 դեպք, որից 142-ը՝ վերջին մեկ օրում: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 33 պացիենտ, եւս 27-ը հիմա ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Իտալիան հիմա վարակման դեպքերի թվով երրորդ տեղում է եւ երկրորդ տեղում մահացությամբ. այստեղ վարակվել է 2502 պացիենտ, 79-ը մահացել է: Առողջացել է 160 պացիենտ, իսկ 229-ը հիմա ծանր վիճակում է:

Ոչ մեծ տարբերությամբ հաջորդում է Իրանը. այստեղ գրանցվել է 2336 վարակման դեպք, իսկ մահվան՝ 77: Առողջացել է 435 պացիենտ, ծանր վիճակում գտնվող պացիենտների մասին տեղեկություններ չկան:

Առանձին է դիտարկվում Diamond Princess զբոսանավի դեպքը, որը Ճապոնիայում կարանտինի մեջ էր: Վարակվել են նավի 706 ուղեւորներ, 6-ը մահացել է, 36-ը հիմա ծանր վիճակում է:

Բուն Ճապոնիայում իրավիճակը, կարծես, կայունանում է. այստեղ կա 293 պացիենտ, մահվան 6 դեպք: 43-ը առողջացել է, 23-ը ներկայումս ծանր վիճակում է:

Համաճարակի բռնկման ամբողջ ընթացքում Ֆրանսիայում գրանցվել է վարակման 212 եւ մահվան 4 դեպք, Գերմանիայում՝ վարակման 203 դեպք, իսկ մահվան՝ ոչ մի: Իսպանիայում գրանցվել է 165 վարակակիր եւ մահվան մեկ դեպք, ԱՄՆ-ում՝ 124 վարակակիր եւ մահվան 9 դեպք: Սինգապուրում՝ վարակման 110 դեպք, եւ մահվան ոչ մի դեպք, Հոնկոնգում՝ վարակման 101 եւ մահվան 2 դեպք:

Մարտի 4-ի տվյալներով՝ Շվեյցարիայում արդեն գրանցվել է վարակման 58 դեպք, Քուվեյթում՝ 56, Մեծ Բրիտանիայում՝ 51, Բահրեյնում՝ 49: Այս 4 երկրներում ոչ մեկը չի մահացել, ծանր վիճակում գտնվող պացիենտների մասին տեղեկություններ չկան: Թաիլանդում, Թայվանում եւ Ավստրալիայում գրանցվել է մահվան մեկական դեպք եւ վարակման համապատասխանաբար՝ 43, 42 եւ 39 դեպք:

Մալայզիայում 36 պացիենտ է վարակվել, Կանադայում եւ Նորվեգիայում` 33-ական, Իրաքում` 32, Շվեդիայում` 30, ԱՄԷ-ում` 27, Ավստրիայում` 24, Նիդեռլանդներում` 23, Վիետնամում` 16, Իսլանդիայում` 14, Բելգիայում եւ Լիբանանում` 13-ական, Իսրայելում եւ Օմանում` 12-ական: Այս բոլոր երկրներում այս պահին կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել:

Սան Մարինոյում 10 մարդ է հիվանդացել, 1-ը մահացել է: 10 մարդ վարակվել է նաեւ Մակաոյում եւ Դանիայում: Խորվաթիայում ներկայումս կա կորոնավիրուսով 9 հիվանդ, Ալժիրում եւ Կատարում` 8-ական, Էկվադորում, Ֆինլանդիայում եւ Հունաստանում` 7-ական, Հնդկաստանում եւ Մեքսիկայում` 6-ական, Չեխիայում եւ Պակիստանում` 5-ական, Պորտուգալիայում եւ Ռումինիայում` յուրաքանչյուրում 4-ական:

Կորոնավիրուսային վարակի երեք դեպք է գրանցվել Ֆիլիպիններում (1 մահ), Ադրբեջանում, Վրաստանում եւ Ռուսաստանում:

Երկուական դեպք է գրանցվել Բրազիլիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում եւ Սենեգալում:

Հայաստանը այն երկրների ցանկում է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման միայն մեկ դեպք՝ Աֆղանստանի, Անդորայի, Բելառուսի, Կամբոջայի, Հորդանանի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնակոյի, Մարոկկոյի, Նեպալի, Նիգերիայի, Սաուդյան Արաբիայի, Շրի Լանկայի, Թունիսի, Ուկրաինայի, Արգենտինայի, Չիլիի եւ Լիխտենշտեյնի հետ: Այս բոլոր երկրներում վարակված պացիենտները ողջ են, ոմանք արդեն առողջացել են:

Հայաստանում գտնվող պացիենտի մասին հայտնի է, որ նա Իրանից վերադարձած 29 տարեկան տղամարդ է: Նա հիմա իրեն լավ է զգում, ջերմություն եւ բարդություններ չունի: Բոլոր մարդիկ, որոնց հետ վերադառնալուց հետո նա շփվել է, Ծաղկաձորում կարանտինի մեջ են:

(Visited 99 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх