ԱՄՆ-ի ալերգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականներին հաջողվել է լուսանկարել մահացու կորոնավիրուսի նոր տեսակը:
Ինչպես գրում է actualnews.org կայքը, վտանգավոր միկրոօրգանիզմի լուսանկարը գիտնականները հրապարակել են համացանցում:
Հետազոտություններն անցկացվել են վերոնշյալ գիտական հաստատությունում, որը գտնվում է Մոնտանա նահանգում: Լուսանկարը հաջողվել է անել սքանավորող ու տրանսմիսիոն էլեկտրոնային միկրոսկոպիայի մեթոդի կիրառմամբ:
Լուսանկարների անալիզը ցույց է տվել, որ արտաքնապես կորոնավիրուսի նոր տեսակը նման է իր նախորդին, որն էլ դարձել էր 2002-2003 թվականներին տարածված համաճարակի պատճառ:
Գիտնականների կիրառած մեթոդը ենթադրում է, որ մի փունջ էլեկտրոններ անցկացվում են հետազոտվող նմուշի միջով, այնուհետև այդ ճառագայթները մեծացվում են հզոր մագնիսական ոսպնյակների միջոցով, որից հետո պատկերը գրանցվում է CCD-մատրիցայի վրա:
Ստացված լուսանկարները մասնագետները հատուկ ծրագրի միջոցով գունավորել են, քանի որ ի սկզբանե դրանք սև-սպիտակ էին:
Մասնագետներն ընդգծում են, որ կորոնավիրուսն իր անվանումն ստացել է միկրոսկոպիկ փշերի պատճառով, որոնք տեղակայված են մանրէի մակերևույթին և պսակ են հիշեցնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականներն արդեն ցույց էին տվել, թե ինչ տեսք ունի ամբողջ աշխարհում սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսը:
Նրանք հատուկ ուշադրություն էին դարձրել շտամի մակերևույթին գտնվող փշերին, որոնք էլ հենց այն «թագերն» են, որոնց շնորհիվ վիրուսների այս ընտանիքն ստացել է իր անվանում:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 63,8 հազարը, մահացել է 1380 մարդ, Չինաստանի սահմաններից դուրս վարակվել է 505 մարդ: