Շաքարի վնասակարության մասին մասնագետները հաճախ են խոսում՝ հորդորելով մարդկանց հնարավորինս սահմանափակել այս մթերքի գործածությունը, ուստի շատերը գերադասում են շաքարի փոխարեն կիրառել շաքարի տարբեր փոխարինիչներ՝ համարելով դրանք ավելի քիչ վնասակար:
Այնուամենայնիվ, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը նշում է, որ շաքարի փոխարինիչներն օգտակար քաղցրացուցիչներ չեն և անգամ կարող են շաքարային դիաբետի զարգացման պատճառ դառնալ:
Մասնագետը նման տեսությունը բացատրում է նրանով, որ մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն արտադրել այնքան գլյուկոզա, որքան հարկավոր է ակտիվության ու աշխատունակության պահպանման համար:
Հասարակ շաքարի գործածության դեպքում ինսուլին հորմոնը նվազեցնում է դրա ցուցանիշներն արյան մեջ, մինչդեռ փոխարինիչի գործածության դեպքում պեպտիդը նվազեցնում է այն շաքարի մակարդակը, որն արդեն իսկ պարունակվել է օրգանիզմում:
Ինչպես գրում է actualnews.org կայքը, նման ազդեցությունը հանգեցնում է քաղցի զգացման առաջացման: Այն բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա, ինչի հետրանքով մարդիկ սկսում են ուտել քաղցր մթերք կամ պարզապես օգտագործում են նորմայից շատ սնունդ, որը չի պարունակում շաքար:
Մասնագետն ընդգծում է, որ արյան մեջ պետք է պարունակվի այնքան ինսուլին, որքան հարկավոր է օրգանիզմին կարիքները հոգալու համար:
Եթե դրա անհրաժեշտությունն ինտենսիվ աճում է, ապա ինսուլինի մակարդակը կտրուկ բարձրանում է, իսկ շաքարի մակարդակը՝ նվազում, ինչին օրգանիզմը պատասխանում է հակաինսուլինային հորմոններով:
Նման տատանումների հետևանքով մարդու մոտ աստիճանաբար զարգանում է շաքարային դիաբետ, ուստի այս վտանգավոր հիվանդությունից խուսափելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել ոչ միայն շաքարից, այլև շաքարի փոխարինիչներից: