Կոլումբացի գիտնականներն ապացուցել են, որ ավելորդ քաշն իսկապես բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ինչպես գրում է actualnews.org կայքը, բժիշկ Ջանին Գենկինգերի և նրա գործընկերների հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Oncology գիտական ամսագրում և ESMO ու JSMO հարթակներում:
Շագանակագեղձի քաղցկեղն այս հիվանդության ամենատարածված տեսակներից մեկն է և այժմ մասնագետները պարզել են՝ ինչը կարող է ազդել դրա զարգացման հավանականության վրա:
15 հետազոտության արդյունքում գիտնականները հայտնաբերել են կապ այս հիվանդության զարգացման հավանականության և ճարպային զանգվածի միջև:
Ի վերջո մասնագետները եկել են այն եզրահանգման, որ 50-65 տարեկանում ավելորդ քաշի առկայությունը հանգեցնում է օնկոլոգիական հիվանդության զարգացման:
Հետազոտություններին մասնակցել է 830 հազար մարդ, որոնցից 50 հազարի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ:
Հարցումների ժամանակ մասնակիցները պատմել են իրենց սովորությունների, կենսակերպի ու սննդակարգի մասին, ինչպես նաև ներկայացրել իրենց քաշի վերաբերյալ տվյալները: Տվյալների վերլուծումից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ախտորոշված ճարպակալումն ու բարձր կալորիականություն ունեցող մթերքի գործածությունը կապված է օնկոլոգիական հիվանդության զարգացման հետ:
Այս հավանականությունը հատկապես բարձր է այն տղամարդկանց մոտ, որոնց սննդակարգը հարուստ է մսով, կաթով, հավկիթով ու պանրով, մինչդեռ բուսակերները շատ ավելի քիչ են վտանգված:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ շագանակագեղձի քաղցկեղի զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել սննդակարգին և հարստացնել այն բրոկոլիով, ծաղկակաղամբով և խաչածաղկավոր այլ բանջարեղենով:
Բացի այդ, հարկավոր է լինել ֆիզիկապես հնարավորինս ակտիվ և սահմանափակել օգտագործվող սննդի քանակությունը:
Գիտնականները վստահ են, որ սննդակարգում մրգեր ու բանջարեղեն ներառելու, ինչպես նաև կենդանական ծագման ճարպերի և կալցիումի մակարդակը նվազեցնելու դեպքում հնարավոր կլինի 40%-ով նվազեցնել նաև քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը: