«Սուպերաստղ Փաշինյանը խամրում է աչքի առաջ, որովհետև չմտածված և տարերային սցենարն ավարտվում է». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերը քննադատում են Փաշինյանին անխնա և անմնացորդ:

Ամենօրյա կամ ամենժամյա ռեժիմով ֆիքսում, խոսում, ծաղրում և հրապարակում են նրա սխալները և բացթողումները: Ոմանք դա անում են տեղին և հիմնավոր, սակայն ոմանց մոտ էլ դա արդեն դարձել է ծայրահեղացված «իդեա ֆիքս»՝ առանց օբյեկտիվության պահպանման:

Արդյո՞ք նրանք, ովքեր Փաշինյանի քաղաքական «ռեալիթի շոուի» ամենօրյա քննադատներն են, իսկ իրականում այդ շոուն թեկուզ բացասաբար, բայց այնուամենայնիվ գովազդողներ ընկալում են, որ ակամայից դարձել են կախյալ հենց Փաշինյանից:

Կախյալ, որովհետև ողջ քաղաքական քննադատական բովանդակությունը կենտրոնացնում են Փաշինյան անձի, տեսակի, վարչարարի վրա: Արդյունքում Փաշինյանը դառնում է «սուպերաստղ»:

Իր հերթին «սուպերաստղ» դարձած Փաշինյանն այլևս փորձում է համապատասխանել իր կարգավիճակին և թե՛ իրեն աջակցող և թե´փնովող հանդիսատեսին տալիս է առիթներ և թեմաներ, որտեղ գլխավոր հերոսը բացառապես ինքն է:

Անձամբ «ԱՅՈ»-ի բուկլետ բաժանելը, սելֆի անելը և այդ ընթացքում հանրաքվեի բուն պատճառից չխոսելը դրա վկայությունն է:

Խորքային խնդիրների և սպասումների թեմաները մղվում են երկրորդ պլան, խոստումները և հավաստիացումները փոխարինվում են նորերով և ևս արագ մատնվում են մոռացության, երբ սկսվում է հաջորդ սերիան: Սա ժանրի կանոնն է:

Քաղաքականության որակը մեր երկրում հավասարեցվել է կենցաղավարության որակի:

Արդյունքում հասարակության շատ տարբեր շերտեր,որոնք չունեն արժեքային, սկզբունքային, ինտելեկտուալ և մասնագիտական քաղաքական ընկալումներ, ոչ թե ձգտում են ընկալել բարդ երևույթները կամ գոնե ականջալուր լինել այդ երևույթներից քիչ թե շատ հասկացողների կարծիքներին և պնդումներին, այլ դրանք իջեցնում և տեղավորում են իրենց պատկերացումների, մտահորիզոնի և մեղսագրման շրջանակների մեջ:

Ամենամեծ խնդիրն այս պարագայում հենց այդ հասարակական շերտերի թերի պատկերացումների և ձգտումների շահարկման և խրախուսման հաշվին դիվիդենտ շահող «քաղաքական խաղավարի» մենթալիտետ ունեցող իշխանություն ունենալն է:

«Քաղաքական խաղավարությունը» հանգեցնում է արդյունքի ստեղծման խաբկանքի, ինչը վաղ թե ուշ տեսանելի է դառնալու, երբ «սուպերաստղը» դադարի հետաքրքիր լինել, սպասելի արդյունքը չբավարարի կամ հերթական սերիան ձախողվի:

Փորձե՛ք խորքային խնդիրների և համակարգային լուծումների բովանդակային քննարկում սկսել և դա կհետաքրքրի քչերին, որովհետև քչերն են դրանից գլուխ հանում:Իսկ գլուխ հանողներն էլ ուսերն են թափ տալիս`խուսափելով քննադատությունից և թիրախավորվելուց:

Մինչդեռ քաղաքական իրական կառավարում և իրական արդյունք ստեղծելու պահանջ և պոտենցիալ ունեցող այդ խելամիտ հասարակական խմբերը լուռ, զուսպ և համբերատար դիտում են այս ամենը`անելով խորը եզրակացություններ: Այդ եզրակացությունները չափազանց հետաքրքիր են և հիմնավոր:

Դրանց հիմնական լեյտմոտիվը հետևյալն է՝ «սուպերաստղը խամրում է աչքի առաջ, որովհետև չմտածված և տարերային սցենարն ավարտվում է»:

Նոր «սուպերաստղի» պահանջը այլևս սպառված կլինի, քանի որ «սուպերաստղությունը» դերակատարություն է, իսկ քաղաքական խելամտությունը և գործ անելու, արդյունք ստեղծելու կարողությունը՝ լուրջ, ծանր և հիմնականում անշնորհակալ առաքելություն:

Հ.Գ. Մինչ սեզոնի ավարտը դեռ ժամանակ կա: Դիտելը պարտադիր է, որքան էլ սցենարը և դերակատարները անհաջող լինեն, միևնույն է դիտելը պարտադիր է»:

(Visited 141 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх