Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչպես է ճարպակալումն անդրադառնում մարդկանց կյանքի տևողության վրա:
Ինչպես գրում է actualnews.org կայքը, անհրաժեշտ պատասխանները ստանալու համար մասնագետները վերլուծել են ավելի քան 200 գիտական աշխատանք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում ավելորդ քաշ ունի ավելի քան 2 միլիարդ չափահաս մարդ, իսկ վիճակագրությունը ցույց է տվել, որ ճարպակալման դեպքում մարդիկ ապրում են 5-7 տարի ավելի քիչ, քան նույն տարիքի այն մարդիկ, որոնք չունեն ավելորդ կիլոգրամների խնդիր:
Սա նշանակում է, որ ավելորդ կիլոգրամների և վաղաժամ մահացության միջև կա ակնհայտ կապ:
Գիտնականները ենթադրում են, որ ավելորդ ճարպային հյուսվածքները կարող են արագացնել ծերացման գործընթացները բջջային մակարդակով՝ հանգեցնելով հյուսվածքների մահվան՝ ապոպտոզի:
Այս դեպքում անբարենպաստ գործընթացներ են ընթանում անգամ սրտամկանում, նյարդային հյուսվածքներում ու գլխուղեղում:
Ավելին՝ ճարպակալման հետևանքով ճնշվում է աուտոֆագիան՝ գործընթացը, որն օգնում է բջիջներին վերականգնվել:
Մասնագետների խոսքով՝ այս գիտական աշխատանքն ապացուցում է,
որ մարդիկ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն իրենց առողջական վիճակին, երիտասարդ տարիքից մարզվեն և ճիշտ սնվեն: