Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետը սպառնում է «գլուխ կտրել»:
Ատելության մթնոլո՞րտ: Չէէէէէ, դժվար, մեր քաղաքապետը միայն սեր է սփռում:
Այդպես էլ չենք հասկանում` ինչո՞ւ է այսօր առանձնակի և սովորականից ավել ջղաձիգ:
Գուցե՞ նոստալգիա է:
Հիշել է` ՀՀԿ-ի ժամանակ ինչպես էր զարմանալիորեն անխոչընդոտ փայլուն գործունեություն ծավալում հայտնի հեռուստաալիքում, որի պատկանելիությունը չարժի արդեն նշել, քանզի բոլորն են տեղյակ: Այսօր էլ հիշել է նախկին քաղաքային իշխանություններին:
Անընդհատ մեջբերում հա մեջբերում է:
Ձեր մանիպուլատիվ պահվածքի դեմ իմունիտետ ենք ձևավորել, արդեն նշանակություն էլ չենք տալիս:
Մի բան էլ. կամաց գոռացեք, պրն. քաղաքապետ: Զուտ անվտանգության նկատառումներից ելնելով: Գուցե վարակակիր եք:
Իսկ թքի միջոցով օդակաթիլային վիրուսը փոխանցվում է»:
Հիշեցնենք՝ ավագանու այսօրվա նիստում Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաշվետվության քննարկան ժամանակ, խոսելով իրենց գործունեությունից, հայտարարվող տենդերներից, քաղաքապետը նշեց, որ դրանք պետք է լինեն թափանցիկ, բոլորի համար։
«Մենք գնալու ենք 100 տոկոսանոց թափանցիկության, 100 տոկոսանոց ազնվության․․․․ գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով կզբաղվի։
Կներեք, որ էսպես կոպիտ եմ ասում, բայց ժողովուրդը վստահել է մեզ։ Եվ եթե մեկը մտածում է՝ կարող է դավաճանել ժողովրդին, ամենավատ պատասխանն է ստանալու ժողովրդի, և որպես քաղաքապետ՝ իմ կողմից։
Ամեն ինչը պետք է լինի ազնիվ, քանի որ ժողովուրդը մեզնից դա է սպասում և արդյունք է ուզում տեսնել։
Երկուսն էլ լինելու է, բայց էս դժվար ճանապարհը պետք է անցնենք միասին, սխալներ թույլ տալով ու դրանք շտկելով»,- ասաց Մարությանը։