Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա և բացատրեց, որ սովորական դիմակները, որոնք հիմա մենք կրում ենք, իրականում չեն պաշտպանում վիրուսներից:
«Որովհետև վիրուսը շատ ավելի փոքր է, բարակ է, քան էդ դիմակների մեջ եղած ծակերն են: Երկրորդը, դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ:
Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը, հատկապես ոչ պատշաճ նյութերից պատրաստված, որովհետև դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին, և, հետևաբար, դիմակ կա՛մ պետք է օգտագործել պատշաճ որակի և ձևի, կա՛մ պետք է չօգտագործել:
Ըստ Թորոսյանի՝ վիրուսներից պատշտպանելու են N95 կամ FFP3 հաստության դիմակները, որոնք պետք է կրել պատշաճ, խիստ ամուր կպած լինելով դեմքին, որ որևէ օդ դուրս չգա:
«Ավելին՝ վիրուսակրի հետ շփվելիս պետք է պարտադիր կրել նաև ամուր ակնոց, որ հերմետիկ կփակեն ձեր աչքերը, որովհետև վիրուսի փոխանցում կարող է տեղի ունենալ նաև աչքերի միջոցով…
Հետևաբար, սովորական բժշկական դիմակ կրելու այս մեծ պահանջարկն այդքան էլ տեղին չէ և իմաստ էլ չկա դա անելու»,-ասաց նախարարը՝ նշելով, որ իմաստ կա դիմակ կրելու հիմնականում բուժհիմնարկներում:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մենք տեսնում ենք, որ նույնսիկ պարետատան կամ ԱԺ հանձնաժողովների նիստերին հատուկենտ մարդիկ են, որոնք հետևում են պահանջին և կրում են դիմակներ, Արսեն Թորոսյանն ասաց.
«Ի՞նչ պահանջ, ես արդեն պատասխանեցի այդ հարցին, ի՞նչ պահանջի մասին ա խոսքը, ո՞վ ա ձեզնից պահանջել դիմակ կրել»: