Եղինջ. Վիտամիններով հարուստ այս բույսը կօգնի ձեզ ազատվել բազմաթիվ հիվանդություններից.

Եղինջը, որն ունի 60-150 սմ բարձրություն, աճում է ամենուրեք` խոնավ եւ օրգանական նյութերով հարուստ հողերում:

Այս բույսը բացի խոհանոցում` բուժական նպատակով օգտագործում են տերեւները, որոնք հավաքում են բույսի ծաղկման շրջանում:

Եղինջի տերեւները կարելի է չորացնել եւ պահել հետագա օգտագործման համար, որը կատարվում է բացօթյա, լավ քամհարվող տեղում:

Պահում են տուփերի կամ թղթե տոպրակների մեջ: Այս ձեւով այն պիտանի է 2 տարի: Եղինջն ունի արտահայտված արյունահոսության դադարեցնող, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող, միզամուղ, հակատենդային, խորխաբեր ազդեցություններ, ինչպես նաեւ աչքի ընկնող լուծողական, ցավազրկող հատկություններ:

Այս առումով դեղաբույսը օգտագործվում է արգանդային, երիկամային, աղիքային, թոքային արյունահոսությունների ժամանակ: Այն լավ միջոց է սպիացող վերքերի բուժման դեպքում: Վաղուց ի վեր բույսի տերեւները եւ արմատները ժողովուրդը օգտագործել է հազի, միզակապության, բարձր ջերմությամբ ընթացող բորբոքային հիվանդությունների դեպքում:

Բույսի օգտակար հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել սակավարյունության, մկանային եւ հոդային ռեւմատիզմի, մաշկային եկզեմաների, լյարդի եւ լեղածորանների, մարսողության խանգարումների, ստամոքսի ցավերի ժամանակ:

Կերակրող մորը խորհուրդ է տրվում խմել այս բույսի թուրմը՝ որպես կաթն առատացնող միջոց:

Տերեւներում հայտնաբերված են վիտամիններ` K, C, B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաեւ մրջնաթթու, քլորոֆիլ, դաբաղանյութեր, խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում եւ այլն։

100 գրամ եղինջը պարունակում է 0,5 գ ճարպ, 3,7 գ սպիտակուցներ, 3,1 գ մանրաթել, 5,4 գ ածխաջրեր: Պտուղները պարունակում են մինչեւ 32,5% ճարպայուղ։

Բույսի մատղաշ տերեւները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին եւ չիչխանի պտուղներին: 4 թեյի գդալ մանրացրած, չորացրած թփերը մեկ բաժակ եռման ջրում թրմել օրական չափով, խմել օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, ամեն անգամ ջրաթուրմի 1/3 մասը:

Արտաքին օգտագործման համար ջրաթուրմը պատրաստվում է նույն կերպ, բայց վերցվում է չորացված տերեւների կրկնակի դեղաչափ, այսինքն` 8 թեյի գդալ մեկ բաժակ եռման ջրում:

Մազաթափության դեպքում նախընտրելի է օգտագործել հետեւյալ թուրմը. 100 գ չորացած տերեւներին ավելացնել կես լիտր ջուր եւ կես լիտր քացախ, խառնուրդը եփել 30 րոպե:

Գիշերը՝ քնելուց առաջ, այդ եփուկով լվանալ գլուխը` առանց օճառի: Վերցնել 50-60 գ հումք, եռացնել մեկ լիտր ջրում 30 րոպե, խմել օրական 3 անգամ, մեկական բաժակ: Լավ միջոց է աղեստամոքսի համակարգը հանգստացնելու համար:

Եղինջը լայն կիրառություն ունի բուժական տարբեր հավաքների մեջ` նախատեսված տարբեր հիվանդությունների բուժման համար:

Եղինջը ունի նաեւ հակացուցումներ. երիկամային հիվանդության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաեւ նրանց, որոնց արյունը խիտ է: Հղիներին հակացուցվում է նաեւ այն հաբերը, որոնք եղինջի հիմքով են պատրաստված, քանի որ այն արագացնում է ծննդաբերությունը:

(Visited 1 198 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх