Մարսելախանգարումն ու փորլուծությունը կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել նման խնդիրներից առաջին իսկ ախտանշանի դեպքում:
Սովորաբար փորլուծությունից և մարսողական համակարգի աշխատանքի խանգարման այլ տհաճ դրսևորումներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորլուծությունից:
2 ճաշի գդալ բալենու տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից ու թրմել ևս 45 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։
2 ճաշի գդալ մրտենական հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, իսկ պատրաստ լինելուն պես խմել թուրմը։
1 ճաշի գդալ անանուխի կամ պատրինջի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև բաժանել չորս մասի և խմել օրվա ընթացքում։
Թուրմը հարկավոր է խմել ուտելուց 20 րոպե առաջ։
1 ճաշի գդալ մանրացրած սամիթին ավելացնել 1 բաժակ ջուր, 10 րոպե եռացնել, այնուհետև թրմել ևս 30 րոպե։ Բաժանել թուրմը երկու մասի և խմել օրվա ընթացքում ուտելուց առաջ։