ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ.
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով`
ներկա գտնվելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրելու այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում:
Նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման:
Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը:
Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման:
Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները:
Ես հպարտ եմ մեր բանակով:
2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել:
Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին:
Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք:
Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են:
Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին:
Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին:
Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները:
Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները:
Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին:
Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել:
Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից:
Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: