Հաջորդ շաբաթ Միացյալ Թագավորությունը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, որը կլինիկական հետազոտություններ դեռ չի անցել:
Օքսֆորդի Ջեններ ինստիտուտի տնօրեն Ադրիան Հիլլն ասել է, որ մինչև սեպտեմբեր պատվաստանյութերի մեկ միլիոն դեղաչափ կարտադրվի:
«Քանի դեռ փորձարկումները շարունակվում են, մենք պետք է սկսենք արտադրությունն այն ռիսկով, որ թեստերը կարող են ձախողվել», – ասել է նա Sky News-ին:
Գիտնականը գնահատել է այն շանսերը, որ նոր պատվաստանյութը, որը կոչվում է ChAdOx1 nCoV-19, հաջող կլինի մոտ 80%-ով: Այն հիմնված է շիմպանզեի վիրուսի վրա, որին ավելացվել է կորոնավիրուսային կոդի գենետիկ մասը:
Նշվում է, որ այդ տեխնոլոգիան նախկինում ապացուցել է այլ հիվանդությունների նկատմամբ իմունիտետ ստեղծելու արդյունավետությունը:
Փորձարկման համար բրիտանական կառավարությունը գիտնականներին հատկացրել է 2,7 միլիոն դոլար դրամաշնորհ:
Ընդհանուր առմամբ, Լոնդոնը մտադիր է հատկացնել մոտ 310 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծելու համար: