Ինչ է միգրենը և ինչպիսի նախանշաններ ունի………

Միգրենը բավական տարածված հիվանդություն է, որը դրսևորվում է ինտենսիվ գլխացավերով։

Հունարենից թարգմանած միգրեն բառը նշանակում է գլխացավ, որը տարածվում է գլխի մի կեսի շրջանում։ Այս խանգարման դեպքում գլխացավը պամանավորված է լինում գլխի անոթների սպազմներով, որոնք հանգեցնում են գլխի՝ ցավի համար պատասխանատու նյարդային վերջավորութունների գրգռման։

Միգրենի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Ընդ որում՝ կանայք երկու անգամ հաճախ են բախվում այս խնդրին, քան տղամարդիկ։

Այս խնդրով պայմանավորված ցավը լինում է կտրուկ ու բաբախուն։ Այն սովորաբար տարածվում է գլխի մի հատվածում և հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխումով։

Այս խնդիրը պայմանավորված է լինում որոշակի գործոններով, որոնք ստիպում են գլխուղեղի զարկերակները սպազմից կծկվել, այնուհետև լայնանալ։

Նոպաների ժամանակ գլխուղեղում սերոտոնինի մակարդակը բարձր է լինում, մինչդեռ նոպաների միջև այն նվազում է։ Բացի այդ, կարող են նկատվել նաև այլ նեյրոտրանսմիտերների, ինչպես նաև կալցիումի և մագնեզիումի մակարդակների տատանումներ։

Միգրենի նոպաները կարող են զարգանալ մեկ կամ մի քանի գործոնի ազդեցության հետևանքով։ Այս խնդրի զարգացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում.

որոշակի սննդամթերքի գործածությունը,

քաղցի կամ ռաֆինացված ածխաջրերի գործածության հետևանքով արյան մեջ շաքարի ցածր մակարդակը,

օրգանիզմի ջրազրկումը,

սթրեսը, շոկը կամ անհանգստությունը,

քնի վատ որակը,

տարբեր երանգների վառ լույսը,

բարձր աղմուկը,

եղանակային կամ կլիմայական փոփոխությունները,

չոր մթնոլորտն ու տաք չոր քամին,

հորմոնալ փոփոխությունները։

Միգրենի ախտանշանները սովորաբար յուրաքանչյուրի մոտ անհատական են լինում, սակայն բոլոր հիվանդներն անխտիր բախվում են մեկ ընդհանուր ախտանշանին՝ բաբախուն սաստիկ գլխացավին։

Նոպաներից առաջ կարող են նկատվել արտասովոր զգացողություններ, որոնք դրսևորվում են լույսի առկայծումներով, տեսադաշտում բծերի կամ զիգզագաձև գծերի առկայությամբ։ Ընդ որում՝ նման տհաճ զգացողությունները կարող են տևել մինչև մեկ ժամ։

Գլխացավի նոպաների հետ մեկտեղ շատերի մոտ ի հայտ են գալիս սրտխառնոց ու փսխում։ Մյուս ախտանշանների շարքին են դասվում գլխապտույտները, վերջույթների թմրածությունն ու ծակծկոցը։

Բացի այդ, միգրենի նոպաների ժամանակ մարդիկ հաճախ չափազանց զգայուն են դառնում լույսի և աղմուկի նկատմամբ։

Միգրենը բավական տհաճ խնդիր է, որը կարող է իր ազդեցությունն ունենալ մարդու կյանքի որակի վրա, ուստի նման խանգարումը չի կարելի անուշադրության մատնել։

Որոշ դեպքերում միգրենը ենթադրում է մասնագետի միջամտություն, ուստի հարկավոր է ժամանակին դիմել բժշկին։ Այս հիվանդության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, եթե.

ցավը շատ ուժգին է և թույլ չի տալիս կենտրոնանալ ամենօրյա գործերի վրա,
մարդն ընդունում է հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբեր,
միգրենի նոպաների պատկերը փոխվում է։

Եթե միգրենի նոպան այնքան ուժգին է, որ թույլ չի տալիս որևէ այլ բանով զբաղվել, առաջացնում է ինքնազգացողության սաստիկ վատթարացումներ և խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, ապա մասնագետին հարկավոր է դիմել անհապաղ, այլապես մեծ է բարդությունների զարգացման հավանականությունը։

(Visited 50 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх