Ինչ արտասովոր ախտանշաններով կարող է դրսևորվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը․․․

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը զարգանում է օրգանի բջիջների անկառավարելի աճի հետևանքով։

Ինչպես քաղցկեղի ցանկացած այլ տեսակի, այնպես էլ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում բուժման արդյունավետությունը կախված է լինում հիվանդության վաղ ախտորոշումից, սակայն խնդիրն այն է, քաղցկեղի այս տեսակի ախտանշանները զարգացման վաղ փուլերում նկատելը բավական բարդ է։

Cancer Research UK-ի տվյալներով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանշաններն ի հայտ գալու դեպքում կարող են լինել բավական արտասովոր, ուստի մարդիկ հաճախ դրանց պատշաճ ուշադրություն չեն դարձնում։ Օրինակ՝ այս հիվանդության դեպքում կարող են նկատվել մրսածությանը բնորոշ ախտանշաններ՝ ջերմության բարձրացում, դող, տենդ, ընդհանուր ինքնազգացողության վատթարացում և այլն։

Ուռուցքաբանների խոսքով՝ սա պայմանավորված է լինում գեղձում ընթացող բորբոքային գործընթացներով, ուստի նման ախտանշանները չի կարելի անուշադրության մատնել։

Սակայն քաղցկեղի այս տեսակը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնց շարքին են դասվում.

մաշկային խնդիրները. այս օրգանի ախտահարման դեպքում կարող է ի հայտ գալ մաշկային քոր, իսկ ցանն ու բորբոքումը կարող են սրվել։
աղիների աշխատանքի խանգարումը. այս հիվանդության դեպքում փորլուծությունն ու փորկապությունը բավական հաճախակի բնույթ են կրում և կարող են շատ արագ փոփոխվել մեկը մյուսով։ Բացի այդ, փոխվում է նաև կղանքի արտաքին տեսքը։

մարսողության խանգարումը. խնդիրը կարող է ուղեկցվել որովայնի վերին հատվածի բութ ցավով, որը հաճախ է անհանգստացնում պառկած ժամանակ։

հագեցածության զգացումը. հիվանդը կարող է շատ արագ հագենալ անգամ քիչ քանակությամբ սննդի դեպքում։
մեզի գույնի փոփոխությունը. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում մեզն ավելի մուգ երանգ է ստանում և կարող է դառնալ նարնջագույն։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը հանգեցնող հստակ պատճառներն ուռուցքաբաններին լիովին հայտնի չէն, սակայն հայտնի է, որ ամենալուրջ ռիսկային գործոններից մեկը ծխախոտի գործածությունն է։

Հենց ծխախոտի հետ է կապված այս հիվանդության յուրաքանչյուր երրորդ դեպքը։

Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով և խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն եթե դրանք ի հայտ են գալիս կտրուկ և առանց որևէ պատճառի, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին։

(Visited 121 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх