Քաշի ավելացումը որպես կանոն ասոցացվում է սննդի չարաշահման ու ֆիզիկական ակտիվության պակասի հետ, ուստի դրա դեմ պայքարի համար սովորաբար մարդիկ դիմում են տարատեսակ սննդակարգերի ու մարզումների օգնությանը։
Սակայն քչերն են հաշվի առնում, որ ավելորդ քաշը կարող է պայմանավորված լինել որոշակի հիվանդություններով, որոնց դեմ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում ավելորդ կիլոգրամներից ազատվել չի հաջողվի։ Մասնագետները ներկայացրել են մի քանի վտանգավոր խանգարում, որոնք կարող են հանգեցնել քաշի ավելացման։
Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, քաշի կտրուկ ավելացման պատճառ կարող է դառնալ հիպոթիրեոզը, որը ավելորդ քաշի հանգեցնող ամենատարածված պատճառներից մեկն է։
Հիպոթիրեոզը պայմանավորված է լինում վահանագեղձի գործառույթների թուլացմամբ, ինչը հանգեցնում է նաև մետաբոլիկ գործընթացների դանդաղման։ Սա է պատճառը, որ այս խանգարման դեպքում քաշն ավելանում է անկախ սննդակարգից ու ֆիզիկական ակտիվությունից։ Ընդ որում՝ քաշի ավելացումը տեղի է ունենում աստիճանաբար։
Բացի այդ, կանանց մոտ քաշը կարող է անկառավարելիորեն ավելանալ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի դեպքում, որը բնորոշվում է հորմոնալ դիսբալանսով։
Այս խանգարումը հանգեցնում է անդրոգեն հորմոնների ակտիվ կուտակման, որոնք էլ նպաստում են գոտկատեղի հատվածում ճարպաշերտերի կուտակման։ Սա էլ իր հերթին նվազեցնում է զգայունությունն ինսուլինի՝ օրգանիզմում շաքարի պարունակությունը վերահսկող հորմոնի նկատմամբ, ինչը նպաստում է քաշի զգալի ավելացման։
Մյուս խանգարումը, որը կարող է հանգեցնել քաշի ավելացման, Ադիսոնի հիվանդությունն է, որի դեպքում խանգարվում է մակերիկամների կեղևի աշխատանքն ու օրգանիզմում զգալիորեն բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը։
Այս հորմոնն արագացնում է սպիտակուցների տարրալուծման գործընթացն ու բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը հանգեցնում է մկանային զանգվածի նվազման ու ճարպային հյուսվածքների ավելացման։
Բացի այդ, մարդու քաշը կարող է զգալիորեն ավելանալ ինսուլինոմայի զարգացման հետևանքով։ Ուռուցքների այս տեսակին բնորոշ է մեծ քանակությամբ ինսուլինի արտազատումն ու արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը, ինչի հետևանքով մարդն անդադար քաղցի զգացում է ունենում։