Ինչ է թունավորումը և ինչպես պայքարել․․․․

Թունավորումն օրգանիզմի կենսագործունեության խանգարման արդյունքում առաջացող հիվանդություն է, որն էլ, իր հերթին, առաջանում է օրգանիզմ ներթափանցած տարբեր թույների ու տոքսինների պատճառով:

Բժշկության մեջ թունավորումն անվանում են ինտոքսիկացիա: Տոքսիկ նյութերի ազդեցությունները օրգանիզմի վրա լինում են մի քանի բնույթի` սուր, ենթասուր, գերսուր եւ քրոնիկական բնույթի թունավորումներ:

Սուր թունավորումն օրգանիզմի ախտաբանական վիճակն է, որի արդյունքը միանգամայն կարճաժամկետ ազդեցությունն է` ուղեկցվող կլինիկական նշաններով: Ենթասուր թունավորումն օրգանիզմի ախտաբանական վիճակն է, որի արդյունքը մի քանի անգամ կրկնվող ազդեցությունն է:

Իսկ ահա գերսուր ինտոքսիկացիայի արդյունքում կարող է ախտահարվել ամբողջ նյարդային համակարգը, առաջանում է կոորդինացիայի խանգարում, գլխապտույտ, որը կարող է տեւել մի քանի ժամ: Քրոնիկ ինտոքսիկացիան օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որի ազդեցությունը կարող է տեւել անընդհատ, սակայն այն արտահայտված ախտանշաններ կարող է չունենալ:

Սուր թունավորումների պատճառ կարող են հանդիսանալ դեղորայքը, ալկոհոլը, այրոց առաջացնող հեղուկները, սննդամթերքի որոշ տեսակներ, օրինակ՝ սունկը: Թունավորման բնույթից կախված էլ սկսում են բուժումը:

Կերակրային թունավորումները հիմնականում մի քանի օրվա ընթացքում հեշտ բուժվում են, չնայած երբեմն, կախված հիվանդության զարգացումից` լինում են բարդություններ, ինչպես օրինակ` սալմոնելոզն ու բոտուլիզմը:

Սննդային թունավորումները կարելի է բաժանել բակտերիալ եւ ոչ բակտերիալ տեսակների: Բակտերիալ թունավորումը սննդային ինտոքսիկոինֆեկցիան է, իսկ ոչ բակտերիալի պատճառը քիմիական նյութերն են, թունավոր սնկերն ու այլ բույսերի տեսակներ: Հակասանիտարական վիճակում ու հիգիենայի կանոններին չհետեւելու պայմաններում պահված սննդամթերքն է հաճախ թունավորման պատճառ դառնում: Սննդային թունավորման ախտանշանները կարող են լինել տարբեր` ցավ ստամոքսի շրջանում, փսխում, սրտխառնոց, բարձր ջերմություն:

Ինչպես նշվեց՝ բոտուլիզմը սննդային թունավորման ծանր տարբերակներից է:

Հիվանդությունն առաջանում է մթերքից, որոնք վարակված են բոտուլիզմի ցուպիկներով: Այն լայն տարածում ունի բնության մեջ եւ կարող է երկար ժամանակ գտնվել սերմիկի տեսքով:

Հետո այն ընկնում է շատ տեսակի բանջարեղենների ու մրգերի մեջ, իսկ դրանք պահածոյացնելուց հետո սկսում են արագ բազմանալ ու արտադրել տոքսիններ, որն էլ ուժեղագույն թույն է հանդիսանում: Ընդհանրապես տոքսինները հավաքվում են այնպիսի մթերքների մեջ, ինչպիսիք են` պահածոները, աղի ձուկը, երշիկը, սունկը` պատրաստված ոչ համապատասխան տեխնոլոգիական պայմաններում, այսինքն` տնային պայմաններում:

Բոտուլիզմի ինկուբացիոն շրջանը տեւում է 2 կամ 3 ժամից մինչեւ 1-2 օր: Այս հիվանդության նախանշաններն են` ընդհանուր թուլությունը, գլխացավը, հաճախ՝ փսխումն ու փորլուծությունը: Բոտուլիզմը քայքայում է նյարդային համակարգը (հնարավոր է տեսողության կորուստ, կլման ակտի խանգարում, ձայնի փոփոխություն):

Հիվանդը կարող է տեսնել մշուշոտ, բիբերը լայնանում են, երբեմն նկատվում է շլություն: Գիտակցության կորուստ սովորաբար չի լինում: Իջնում է արյան ճնշումը, եւ շնչարգելության պատճառով կարող է վրա հասնել մահը:

Հիվանդության վաղ շրջանում արագ պետք է դիմել բժշկի եւ տարբերել, թե հատկապես որ մթերքից է զարգացել հիվանդությունը: Այս հիվանդության առաջին բուժօգնությունը տրվում է միայն հիվանդանոցային պայմաններում:

Սալմոնելոզը եւս սննդային թունավորման հետեւանք է: Սալմոնելոզի բակտերիաները գտնվում են տնական թռչնամսի ու ձվի, չմշակված կաթի ու կաթնամթերքի մեջ: Այս տիպի բակտերիաներն առաջացնում են աղիքային ինֆեկցիաներ: Սալմոնելոզի բակտերիաները ոչնչանում են 150 աստիճանում: Այս հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս մթերքն օգտագործելուց 12-48 ժամ հետո:

Այս հիվանդության թեթեւ տեսակն անցնում է 1 շաբաթվա ընթացքում, իսկ ավելի ծանր դեպքերում անպայման անհրաժեշտ է հակաբիոտիկներ օգտագործել: Սննդային թունավորումները վատ հետեւանք կարող են ունենալ հատկապես հղիների համար, այդ պատճառով պետք է օգտագործել միայն պաստերացված կաթ, եւ փափուկ պանիրների (ֆետա, ռոքֆոր) փոխարեն՝ կարելի է օգտագործել ավելի պինդ տեսակներ: Իսկ առհասարակ սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է լվանալ ձեռքերը, խնամքով լվանալ միրգն ու բանջարեղենը: Սննդի մեջ մի օգտագործեք հում ձու:

Սննդային թունավորումները, ցավոք, այնքան էլ քիչ հանդիպող պրոբլեմ չէ, այն էլ` ամռանը: Թունավորման թեթեւ ձեւերի ժամանակ կարելի է սահմանափակվել «տնային» պրոցեդուրաներով, իսկ ահա ծանր դեպքերում, ինչպես նշվեց, անհապաղ պետք է դիմել բժշկի:

Թունավորման մյուս տարածված տեսակը դեղորայքային թունավորումն է, որը հատկապես լինում է քնաբեր պրեպարատների չափաբաժնի չարաշահումից: Առաջին ախտանիշը շնչառության խանգարումն է, զգացվում է թթվածնի պակաս:

Բիբերը սկզբից լայնանում են, բայց զգում են լույսը, իսկ հետո կորցնում են լույսի հանդեպ զգայունությունը: Արագ կանգ է առնում երիկամների աշխատանքը, եւ շնչառական կենտրոնի կաթվածի ու արյունատար համակարգի աշխատանքի խափանման պատճառով՝ վրա է հասնում մահը: Շատ թունավորումներ են լինում թմրադեղերի ու թմրանյութերի չափաքանակը չարաշահելուց:

Դեղորայքային թունավորման առաջին բուժօգնությունը ցուցաբերվում է անպայման հիվանդանոցում, այն էլ պետք է անհապաղ հասցնել հիվանդանոց: Ալկոհոլային թունավորումները եւս քիչ չեն լինում:

Շատ թունավորումներ են լինում նաեւ կենդանիների թույնից: Օրինակ` մարդու համար վտանգավոր են իսպանական, մայիսյան, կապտաթեւ եւ այլ բզեզներ, որոնց սեռական օրգանների արտազատումը` կանթարիդին եւ պեդարին, խիստ թունավոր է մարդու համար (մաշկի վրա ընկնելուց առաջանում են մաշկաբորբեր, իսկ բզեզ կուլ տալուց` թունավորում): Որոշ թիթեռների թրթուրները նույնպես կարող են առաջացնել մաշկի տեղային ախտահարումներ: Շատ ներքին մակաբույծներ ապրում են մարդու օրգանիզմում, արտադրում են թունավոր նյութեր ու առաջացնում թունավորումներ, որն արտահայտվում է տեղային եւ ընդհանուր բնույթի կլինիկական ախտանշաններով: Հայաստանում մարդու համար թունավոր են մորմը, սեւ կամ հաստապոչ, անդրկովկասյան, խայտաբղետ կարիճները, գյուրզան, Ռադդեի լեռնային իժը, հայկական վահանագլուխ եւ Դարեւսկու իժերը, կապարագույն իժանման ու նայադային սահնօձերը:

Թունավորման համար կարեւոր են թույնի քանակը, ազդեցության արագությունը եւ տեւողությունը: Օրինակ` բոժոժավոր օձի թույնի նույն քանակությունը մահացու է 24 շան, 60 ձիու կամ 600 ճագարի համար:

Մարդը կարող է իմունիտետ ձեռք բերել թույնի նկատմամբ, եթե այն փոքր չափաքանակներով երկար ժամանակ ներարկվի նրա օրգանիզմ: Իսկ ընդհանրապես կենդանական ծագում ունեցող թույները լայնորեն կիրառվում են դեղագործության, ախտորոշման բնագավառներում եւ կենսաբանական տարբեր հետազոտություններում:

Վերը նշված թունավորումներից ու թունավոր նյութերից բացի, կան նաեւ բազմաթիվ արհեստական թունավոր նյութեր, որոնք քիմիական միացություններ են: Դրանք տնտեսական եւ սանիտարական տարբեր կարիքների, անձնական հիգիենայի ու կոսմետիկ նպատակներով կենցաղում օգտագործվող քիմիական պատրաստուկներ են, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի թունաքիմիկատներ:

Տարբերում են գրգռող, այրող, խեղդող, քնաբեր, ջղաձգային եւ այլ թույներ: Դրանց մեծ մասն անկախ չափաքանակից եւ օրգանիզմ թափանցելու եղանակից, ունի ընտրողական ազդեցություն. կարող են ազդել խիստ որոշակի բջիջների եւ հյուսվածքների վրա` չվնասելով մյուսները:

Օրինակ` շմոլ գազը եւ բորակն ախտահարում են արյան բջիջները, ալկոհոլն ու թմրադեղերը` նյարդային համակարգի բջիջները, ծանր մետաղների միացությունները` երիկամների եւ լյարդի գործառույթները:

Թունավոր նյութեր կիրառվում են ռազմական գործողությունների ժամանակ` որպես զանգվածային ոչնչացման զենքի տեսակ (քիմիական զենք): Ըստ ազդեցության բնույթի` այս թունավոր նյութերը բաժանվում են 6 խմբի` նյարդալուծանքային, մաշկային, ընդհանուր թունավորման, հեղձուցիչ, գրգռիչ եւ հոգեքիմիական: Իսկ ըստ կայունության աստիճանի՝ բաժանվում են 2 խմբի` կայուն եւ անկայուն:

Կայուն թունավոր նյութերի թունավորող հատկությունը պահպանվում է մի քանի ժամից մինչեւ մի քանի օր, իսկ անկայունը` մի քանի րոպեից մինչեւ 1-2 ժամ: Հատկապես վտանգավոր են այն թունավոր նյութերը, որոնք մարդու եւ շրջակա միջավայրի վրա ներգործում են դանդաղ, տեւականորեն ու վնասում են գենետիկական ապարատը, ինչը հանգեցնում է վերարտադրության խանգարման, բուսական եւ կենդանական աշխարհների տեսակների այլասերման:

(Visited 23 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх